Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այս գործով հիմա տուժող լինել չի կարող
Դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը հնչեցրեց քաղաքացիների անուն, ազգանուններ, որոնք, ըստ դատավորի, քրեական գործով հանդես են գալիս տուժողներ կամ նրանց ներկայացուցիչներ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներողություն խնդրեց այդ մարդկանցից, ասաց՝ անհարգալից վերաբերմունք չդիտվի իր խոսքը որևէ մեկի նկատմամբ։
«Խորապես ցավակցում եմ բոլորին, բայց պիտի ֆիքսենք մի բան, որ մինչև այսօր որևէ գործ դեռ չի քննվում, որտեղ քննարկվի զոհերի սպանության հարցը։ Իմ համոզմամբ, միայն այդ գործով տուժողների իրավահաջորդները կարող են մասնակցել։ Հավասարապես այս գործը չի քննվում մարմնական վնասվածքներ ստացած մարդկանց մարմնական վնասվածքներ ստանալու պարագաների շուրջ։ Միայն այդ գործով այդ անձինք կարող են ճանաչվել ու հանդես գալ որպես տուժող»,-ասաց Հայկ Ալումյանը՝ հիշեցնելով, որ գործը քննվում է Քրեական հոդվածի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալման շրջանակում։
Փաստաբանը նկատեց, որ այդ գործով կարող է տուժող լինել Հայաստանի 3 մլն բնակչությունը, իսկ այդ տրամաբանությամբ դատարան պետք է բերվի 3 մլն տուժող։
«Այս գործով պետք է տուժող չլինի։ Քննվում է նաև կաշառքի գործ, իսկ այսօր այստեղ հրավիրված հարգարժան անձանցից ոչ ոք այդ մեղադրանքով նույնպես տուժող չի ու չի կարող լինել։ Այս գործով հիմա տուժող լինել չի կարող»,-նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ հետևաբար չեն կարող լինել տուժողների ներկայացուցիչներ ու իրավահաջորդներ։
Նա նաև ընդգծեց, որ իրավական առումով էլ այս հարցը կարգավորված չէ, քանի որ օրենսդիրը չի նախատեսել մի իրավիճակ, երբ գործով ներգրավվեն տուժողներ, որոնք մեղադրանքի հետ ընդհանրապես կապ չունեն։
Դատավորը հայտարարեց, որ դատարանին հայտնի չեն այնպիսի հանգամանքեր, որոնք կարող են խոչընդոտել նշված ներկայացուցիչների մասնակցությունը սույն քրեական գործով վարույթին, հետևաբար նրանք ներգրավում են որպես տուժողի իրավահաջորդներ Ալլա Հովհաննիսյանի, Ջեմմա Վարդումյանի, Էդիկ Հարությունյանի, Ռուզաննա Հարությունյանի, Վարդուհի Բաղադասարյանի ներկայացուցիչները։
Ի պատասխան Յուրի Խաչատուրովի փաստաբանն էլ հայտարարեց, որ քրեական գործի նյութերում չկա որևէ տվյալ թե մեղադրանքների առաջադրման հետ կապված տվյալ անձինք տուժել են։
Դատավորն էլ ասաց՝ բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը կհայտնի իր որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
- Սեյրան Օհանյան. Այս պահին ամենակարևորը, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները հավաքվել են դատարանի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան