Մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիր կհիմնվի
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիր կհիմնվի։ Այդ նպատակով Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 250 քառ.մետր և 9-րդ հարկից 500 քառ.մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով վարձակալության կտրվեն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին։
Նշենք, որ այս նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ։
Նախագծով սահմանվել է, որ վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ, որի 20% ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80% ՀՀ պետական բյուջե։ Բացի այդ, ընկերությունը պարտավորվում է վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն. դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:
Ընկերությունը պարտավորվելու է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ նախատեսված ժամկետի ավարտից հետո 15-օրում:
Ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 % չափով:
Նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջու-թյամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 % չափով:
Նախագծում նաև նշված է.
«Նպատակ ունենալով ընդլայնել իր ցանցը՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պլանավորում է հիմնել նոր ռեստորանային նախագիծ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության վարձակալվող տարածքում՝ նոր կոնցեպտուալ ոճով և մոտեցումներով, որը նոր հնարավորություն է զբոսաշրջիկներին և տեղական հյուրերին համտեսելու յուրահատուկ խոհանոցի համեղ ուտեստները և վայելելու Երևանի զբոսաշրջային հարմարավետությունն ու գրավչությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում