«Հրապարակ». Բոլթոնը գնաց, Պուտինը կգա
«Հրապարակ» թերթը գրում է. «Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաև Հայաստանում` ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլև որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո` շատ հստակ մեսիջներով` Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին ու արցախյան խնդրին առնչվող:
ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանին հարցրինք` այդ հրաժարականն օրակարգային փոփոխություններ կմտցնի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում․ հայտնի է, որ Բոլթոնն առավել կոշտ արտաքաղաքական մոտեցումների կողմնակից էր։ «Պետք է հասկանալ` ով է անվտանգության հաջորդ խորհրդականը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղությամբ են ընթանալու հարաբերությունները։ Բոլոր դեպքերում, պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ էին հաստատվել»:
Հանդիպումների ի՞նչ մակարդակ է սպասվում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ժամանակ։ «Հենց այս պահին, երբ Դուք այդ հարցն ուղղում եք ինձ, տեղի է ունենում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի այցը Հայաստան»: Այն կանխորոշիչ կլինի՞ ապագա հանդիպումների համար։ «Իհարկե»:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկ վերջապես հայտարարեց, որ Վ. Պուտինը կգա Հայաստան․ ի՞նչ եք կարծում՝ դա կապվա՞ծ էր Բոլթոնի հրաժարականի հետ: «Ես պարզապես գիտեմ, որ պարոն դեսպանը հայտարարել է` Վ. Պուտինը կգա Հայաստան»: Սկսել եք նախապատրաստվե՞լ այցին։ «ԵԱՏՄ նիստի նախապատրաստությունները սկսվել են կես տարի առաջ»։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում։ «Ես նման ինֆորմացիա չունեմ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում