Գնդեվազում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում բարձր գոռալով մի քանի անգամ վանկարկել են «Ամուլսարը մերն է, Ամուլսարը հանք չի դառնա» արտահայտությունը: Մոտակայքում գտնվող 57-ամյա տղամարդը դիտողություն է արել՝ պահանջելով գիշերային ժամին չգոռգոռալ ու չխանգարել մարդկանց հանգիստը, որից հետո Ջերմուկ քաղաքի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, հարձակվել է տղամարդու վրա և հարվածելով վայր գցել նրան: Այնուհետև իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, Ջերմուկ քաղաքի բնակիչները՝ ծնված 1993 և 1997թթ., ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:
Լսելով աղմուկի ձայները՝ նրանց է մոտեցել 57-ամյա տղամարդու եղբայրը, ով փորձել է հանդարտեցնել նրանց, որի ընթացքում վայր է ընկել ու աջ ականջի շրջանում ստացել է մարմնական վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով ևս երկու անձ ձերբակալվել է
- Գնդեվազում վիճաբանության գործով մեկ մարդ ձերբակալվել է
- Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու դեպքով հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան