Հաղթանակ Շահումյանը Հայաստանում անհատական որևէ ցուցահանդես այլևս չի անելու
Հայաստանի Նկարիչների միությունում շարունակվում է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական անհատական ցուցահանդեսը ՝ «Պատրանք և իրականություն»։ Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 100 աշխատանք՝ գրաֆիկա, գեղանկար ու քանդակ։
«Ես Հայաստանում քիչ եմ անհատական ցուցահանդեսներ ունենում, բայց տարբեր ցուցահանդերում մոտ 55 տարի ցուցադրվում եմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Շահումյանը։
Նրա խոսքով, այնպես է հիասթափվել, որ Հայաստանում անհատական որևէ ցուցահանդես այլևս չի անելու։
«Նման անտարբերություն չեմ տեսել, որևէ մեկը, ով իրավասու է կերպարվեստի զարգացման խնդիրներում, լինի նախարարություն կամ որևէ այլ մարմին, որևէ մեկը չի հետաքրքրվել, թե ինչով կարող է աջակից լինել։ Դա իմ համարյա 50-55 տարվա ստեղծագործական հաշվետվությունը կարծես լինի իմ ժողովրիդն։ Մեծ դժվարությամբ արել եմ, որովհետև ուզել եմ, որ այդ հաշվետվությունը լինի։ Բոլորին հրավիրատոմս եմ ուղարկել, համացանցում էի տեղադրել ցուցահանդեսի մասին տեղեկատվություն։ Որևէ ակնկալիք չեմ ունեցել, բայց արդյո՞ք իրենք այդքան անտարբեր են մեր իրականության նկատմամբ։
Պետք է կարմիր գորգ փռվեր, վրայից մի երկու կիսամերկ աղջիկներ անցնեին, անմիջապես բոլորը կգային, այդ գորգի վրայով կանցնեին, չէ՞։ Ուղղակի նկարիչների ցուցահանդեսներին գորգեր չեն փռվում, նման շոուներ չեն անում, բայց բոլորին տեղյակ եմ պահել»,- ասաց վաստակավոր նկարիչը։
Նա նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից որևէ արձագանք չի եղել, որևէ մեկը չի հետաքրքրվել, թե ինչով կարող են օգնել, այն դեպքում, երբ ինքը Նկարիչների միության դահլիճը վարձել է։
«Նախորդ կառավարիչները հասան այն բանին, որ միությունն այնպես ունեզրկեցին, որ նկարիչն իր անհատական ցուցահանդեսն իր դահլիճում չի կարող անել առանց վարձի»,- ասաց Հ. Շահումյանը։
«Ձեր հոբելյանին Դուք Ձեզ նվեր եք արել՝ կազմակերպելով ցուցահանդես» դիտարկմանն արվեստագետն ասաց. «Այո, որովհետև բացի իմ ընտանիքից, ուրիշ մարդ չի հետաքրքրվում մեր մշակույթով, կարծես իմ ընտանիքի համար է։
Ես արդեն արել եմ ցուցահանդես, հետագայի համար եմ ասում. նախարարությունը կամ իշխանությունը կերպարվեստին ինչպես՞ պետք է աջակցեն, եթե անգամ ցուցահանդեսներին չեն աջակցում։
Եկել էին մեր արվեստի, մշակույթի, գիտության անվանի մարդիկ, և ցանկալի կլիներ, որ նաև իրենց կարծիքներն իրենք լսեին, վերջապես իրենց համար չէ՞ դա։ Մեր նախարարությունում անփորձ նաև երիտասարդներ են աշխատում, պետք է մի քիչ շփվեն ու հասկանան, թե ինչ բան է արվեստը կամ կերպարվեստը»,- ասաց նկարիչը։
Հ. Շահումյանի խոսքով, հայ կերպարվեստը վերջին 100 տարում արվեստի առաջատարն է եղել և որակով, և քանակով, ու հանկարծ այդպիսի անտարբերությունը, արհամարհանքը, անհասկանալի է։
«Չի կարելի։ Երիտասարդ կադրեր են գալիս։ Լավագույն գործերը հեռանում են հայրենքից, լավագույն գործերը գալիս, տանում, դրսում են վաճառում, կամ խելացի մարդիկ գալիս, կոպեկտներով առնում-տանում են։ 20-30 տարի է մեր կերպարվետսի ֆոնդերը չեն հարստացել»,- ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը։
«Պատրանք և իրականություն» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 16-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան