Հազարավոր հայ որբերի փրկած Սառա Քորնինգի արձանը Կանադայում
Սեպտեմբերի 14-ին Կանադայի Նոր Շոտլանդիայի Յարմութ քաղաքում կկանգնեցվի ցեղասպանությունից հազարավոր հայ երեխաների փրկած Սառա Քորնինգի արձանը։ Շաբաթավերջին Յարմութում կանցկացվեն նաև Քորնինգի սխրանքներին նվիրված մի շարք այլ միջոցառումներ։
1872 թվականին Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգի Չեգոգգին գյուղում ծնված Սառա Քորնինգն իր կյանքի առաքելությունն էր դարձրել ուրիշներին օգնելը: Իր կյանքի 20-ականների կեսերին նա տեղափոխվել էր ԱՄՆ ու աշխատել Նոր Անգլիայում մոտ 20 տարի՝ մինչ Նոր Շոտլանդիա վերադառնալը՝ Հալիֆաքսի պայթյունի 10 հազար զոհերին օգնելու։
1918 թ.-ին, 46 տարեկան հասակում, Սառան հավաստագրվեց Ամերիկյան Կարմիր խաչի կողմից և միացավ Մերձավոր Արևելքի օգնության մի կազմակերպությանը, որը ստեղծվել է Մեծ պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց օգնելու համար: Դրանից անմիջապես հետո Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) վայրէջք կատարելով՝ նա օգնեց փրկել և խնամել հազարավոր հայ և հույն որբերի՝ հաճախ վտանգելով իր կյանքը, ու այդպես ավելի քան մեկ տասնամյակ:
2016թ.-ին, իր կյանքը ցեղասպանությունից փրկվածներին օգնելուն նվիրելու հերոսական որոշումից գրեթե մեկ դար անց, Նոր Շոտլանդիայից Դեյվիդ և Ջեննիֆեր Չոունները հիմնադրել են «Սառա Քորնինգ» կազմակերպությունը, որը մեծարում է դայակի կյանքն ու նրա մարդասիրական աշխատանքը:
Armenian Weekly-ի հետ հարցազրույցում Ջեննիֆեր Չոունն ասել է, որ ծանոթանալով Կարմիր խաչում Սառայի կամավորական աշխատանքին Հայաստանում, նախկին Օսմանյան կայսրությունում ու Հունաստանում, հասկացել են, թե որքան նշանակալի է նրա ծառայությունը և որոշել են հիմնել Սառա Քորնինգի անվան կազմակերպությունը։
Կանադայի Յարմուտի քաղաքապետի հետ հանդիպմանն առաջարկվել է նրա անվամբ փողոց անվանակոչել։ Այլ շահագրգիռ անձանց հետ հանդիպմանը համաձայնել են, որ Սառան արժանի է հուշարձանի այնքան, որքան մյուս պատերազմի հերոսները։
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ սա կօգնի նաև բացահայտել անհայտ պատմական կապերը, որ եղել են Հայաստանի ու Կանադայի միջև՝ հույս հայտնելով, որ Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանություն։
Սառա Քորնինգի արձանի հեղինակը Մոնրեալից Կարեն Բեդրոսյանն է, որն իր սիրտն ու հոգին է դրել այդ արձանի ստեղծման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում