«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնին կմասնակցի 9 տիկնիկային թատրոն արտասահմանից
Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Փառատոնի մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Դսեղ գյուղում՝ Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ: Կհաջորդի թատերականացված բացօթյա տոնախմբություն, ապա կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները, որոնք անվճար կցուցադրվեն Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում, Երևանում և Թբիլիսիում: Փառատոնի ավարտին մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնին մասնակցելու են 15 տիկնիկային թատրոններ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, (74 մասնակից) և 9 տիկնիկային թատրոններ արտասահմանից (63 մասնակից), այդ թվում Վրաստանից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից: Փառատոնի մասնակից արտասահմանյան թատրոնները առաջին անգամ ցուցադրելու են նաև թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով տիկնիկային ներկայացումներ:
Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի և Խաղաղության միջազգային օրվա՝ հանդիսավոր արարողություն տեղի կունենա նաև Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող «Խաղաղության ծառի» մոտ, որը 2015 թ. հունիսի 3-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով տնկվել է «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնի մասնակիցների կողմից:
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը արդեն տասնչորսերորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացնում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը` նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, աջակցել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նպաստել Թումանյանի և իր ստեղծագործությունների հանրահռչակմանը:
Փառատոնին մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այս տարի ևս փառատոնը հովանավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը, «Գրանդ Քենդի» ընկերությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, Հայաստանի շախմատի ակադեմիան, օժանդակել են Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարանները, այլ կազմակերպություններ և ընկերություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին