Հայաստանում անօթևաններն ավելացել են
Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում այսօր բնակվում է 100 անձ։ Panorama.am-ի հետ զրույցում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասաց, որ սեպտեմբերի վերջից՝ ցրտերն ընկնելուն պես, ավելանում են դիմողները, հերթ է լինում։
Նա նշեց, որ նրանք, ովքեր 18-65 տարեկան են և ունեն հաշմանդամության խումբ, փաստաթղթերը նախապատրաստում և ուղակում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնամքի կենտրոններում, իսկ որոնք 65 տարեկանից բարձր են՝ ծերանոցներ տեղավորելու համար։
Շ. Խաչատրյանի խոսքով, վերջին տարիներին ավելացել են անօթևանները, ինչը կապում է մարդկանց սոցիալական վիճակի, ցածր աշխատավարձերի հետ։
«Շատ հաճախ չեն կարողանում ընտանիք պահել, տունը վաճառում ու գնում են արտասահման։ Այնտեղ քաղաքացիություն չեն տալիս նրանց, ստիպված վերադառնում են ու արդեն տան խնդիր է լինում»,- նշեց Շ. Խաչատրյանը։
Նա ասաց, որ 2014 թվականից կառավարության որոշմամբ կենտրոնը պահում են համաֆինանսավորմամբ. պետությունը վճարում է 28 աշխատակցի աշխատավարձը, երկուանգամյա սնունդի համար, կոմունալ ծախսերը, իսկ մնացած ծախսերը՝ հագուստ, մահճակալ, կենցաղային տեխնիկա, լողանալու պարագաներ, հօգում է դոնար՝ դանիական կազմակերպությունը։ Շ. Խաչատրյանն ասաց, որ 2018-ից պետությունը կրճատել է իր կողմից տրվող ֆինանսական օգնությունը, ինչին հետևել է նաև դանիական կողմի կրճատումը, քանի որ պայմանագիրը խախտվել էր։
«Այժմ քաղաքապետարանն է աջակցում որպես գործընկեր, որովհետև հիմնականում անօթևանները հենց Երևան քաղաքում են»,- ասաց հիմնադրամի տնօրենը։
Նա նշեց, որ ցանկալի կլինի նման կենտրոններ բացել Գյումրիում, Վանաձորում, քանի որ այդ շրջաններում շատ են անօթևանները։ Արարատյան դաշտում, վիճակագրության համաձայն, ավելի քիչ են, ինչը Շ. Խաչատրյանի կարծիքով, կապված է նրա հետ, որ այդ շրջանում մարդիկ զբաղվում են հողագործությամբ, կարողանում են իրենց գոյությունը պահել։
Կենտրոնում ընդունում են 18 տարին լրացած քաղաքացիներին, չեն ընդունում ընտանիքներով։ Կենտրոնում բնակիչները կարող են մնալ երեք ամիս։ Սակայն, Շ. Խաչատրյանի խոսքով, լինում են դեպքեր, որ ավելի երկար են մնում։
«Ժամկետը լրանում է, դուրս են գալիս, սակայն հետո էլի հայտնվում են կառավարության, նախարարության դիմաց, զանգում են մեզ, խնդրում, որ ընդունենք։ Կամ՝ փաստաթղթերի, առողջության հետ կապված խնդիրներ են ունենում»,- ասաց նա։
Շ. Խաչատրյանի խոսքով, իրենց գերխնդիրն է անօթևանին վերադարձնել ընտանիք, հաշտեցնել ընտանիքի հետ կամ վերադարձնել հասարակություն՝ գտնել աշխատանք ու տուն վարձակալել։
Նախօրեին «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են կենտրոնի կենվորներից Սվետլանա Իվանովնային։ Տարեց կինը պատմել իր երիտասարդության տարիներից, կորսված ընտանիքից ու հարազատներից։
«Դուրս գալիս 100 անգամ օրհնեց մեզ, նայեց իր պայծառ ժպիտով ու երկչոտ հարցրեց․ «Էլի կգա՞ք»։
Ժամանակ գտեք, այցելեք Սվետլանա Իվանովնային ու մյուս անապաստաններին։ Դա կարևոր է»,- կարդում ենք բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին