Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր է փոխանակել «Շուշի քրեակատարողական հիմնարկում» գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ, նշեց, որ այդպիսի փոխանակումն իրավաչափ չի համարում:
«Այստեղ մի քանի խնդիր կա։ Այդքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ: Սա խնդրի մի կողմն է, կա մյուս կողմը. իսկ ո՞վ է ասել, որ իրենք համաձայն են այդ երկուսի դիմաց բոլորին հետ տալ, մի հատ էլ թողեն, որ գնանք «Արաբո» ջոկատի տղաների շիրիմների տեղը գտնենք: Այս երկրորդ մասով հազար անգամ իրենց հետ քննարկում եղել է, հազար անգամ առաջարկել ենք՝ դուք էլ ունեք անհետ կորածներ, մենք էլ ձեզ կարող ենք թույլ տալ և այլն: Բայց մոռանում եք, որ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, մոռանում եք, որ մենք իրենց հետ ուղիղ կապ չունենք, միջնորդավորված կապ է, որտեղ շատ անկանխատեսելի է, թե ինչ են մտածում, ինչպես են մտածում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակված դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին