Գյումրիում կեղծ եվրոներ իրացրած օտարերկրացի կինը ձերբակալվել է
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Գյումրիում մի օտարերկրացի կին սեպտեմբերի 8-ին 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել։
Ոստիկանությունից հայտնում են, որ 40-ամյա կնոջը ոստիկաններն օպերատիվ կերպով հայտնաբերել են ու կասկածանքով բերման ենթարկել Կումայրիի բաժին։ Ոստիկանություն հրավիրվել է Գյումրում ապրող 56-ամյա տղամարդը, որին կինը կեղծ եվրոն իրացրել էր։ Թղթադրամը վերցվել և ուղարկվել է փորձաքննության։
Դատանյութագիտական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է քրեական հետախույզների տեղեկությունը․ եվրոն կեղծ է եղել։
Ոստիկանության Կումայրիի բաժնում կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6500 եվրո, 825 դոլար և 184 հազար դրամ։ Թղթադրամներն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Քննությունը շարունակվում է։