ԲՀԿ-ն առաջարկում է քրեորեն պատժելի դարձնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի դարձնելու օրինագիծ։
Համապատասխան առաջարկը ներկայացնող՝ Քրեական օրենսգրքում լրացում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Գործող կարգով կենդանու դեմ դաժան վերաբերմունքը պատժվում է չնչին տուգանքով։ Ոստիկանության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, այդ տուգանքով պատասխանատվության որևէ անձ չի ենթարկվել»,- նշեց պատգամավորը։
Նա ասաց, որ իրենք առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և այնտեղ ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով։
«Առաջարկում ենք տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպման ու անցկացման համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։ Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով»,- մանրամասնեց Զոհրաբյանը։
Նա նաև ասաց, որ օրինագծերով սահմանվում են նաև տնային և անտուն կենդանիների տարբերակումները. «Տնայինը՝ տնային պայմաններում պահվող կենդանիներն են, իսկ անտունները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող»։