«Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին»
Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական և բարեկամական հարաբերություններ։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ, Բերդիբեկ Սապարբաևն ասել է, որ հայ-ղազախական հարաբերություններ լավ զարգացում են ապրում և նշել, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին և պայմանավորվել են նոր ուղիներ փնտրել առևտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար:
Ղազախստանի փոխվարչապետն ընդգծել է, որ մեծ նշանակություն են տալիս կրթության զարգացմանը: Նա ասել է, որ հետաքրքրված են Թումո նորարարական կրթական ծրագրով ու մտադրություն ունեն Թումո կենտրոն ստեղծել նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: