Ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշների փոփոխություն է առաջարկում «Լուսավոր Հայաստանը»
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկվում է ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները նույնացնել պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշներին: Խորհրդարանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս այս մասին ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների նշանակման հետ կապված՝ մենք խնդիր էինք տեսել: Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ մենք միշտ նշում էինք, որ սրանք քաղաքական մարմիններ են և, հետևաբար, պետք է լինեին կառավարության կազմում, սակայն դա չընդունվեց: Հիմա մենք բերում ենք մի նախագիծ, որն, ըստ էության, այդ տրամաբանության շրջանակում է: Առաջարկում ենք, որ այս երկու հիմնական քաղաքական մարմինների ղեկավար անձինք նշանակվեն՝ հաշվի առնելով այն ցենզերը, որոնք դրված են պատգամավորների առջև»,- նշեց պատգամավորը։
Սիմոնյանն ասաց, որ խորհրդարանական երկրների տրամաբանությունից է բխում, որ ղեկավար անձանց առջև դրվող չափանիշները բաժանվում են մի քանի մասի՝ պատգամավորների առջև դրվող չափանիշներ, որոնք նույնական են կառավարության անդամների չափանիշների հետ, դատավորների առջև դրվող չափանիշներ և անկախ կամ սահմանադրական այլ մարմինների առջև դրվող չափանիշներ:
«Տվյալ դեպքում Ազգային անվտանգության և ոստիկանության մարմինները, ըստ էության, պետք է հավասարեցված լինեն պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշներին։ Մեր օրենսդրական նախաձեռնությունը նաև բխում է այս տրամաբանությունից, բայց միևնույն ժամանակ, ունի նաև քաղաքական բաղադրիչ՝ հաշվի առնելով անցումային հասարակությունների, նաև hետհեղափոխական հասարակությունների առանձնահատկությունները, երբ քաղաքական միջավայրը փոփոխությունների է ենթարկվում, և նոր ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակել այդ կարևորագույն պաշտոններում: Եվ ստացվում է, որ նոր քաղաքական իշխանությունը ստիպված է լինում ղեկավար անձանց նշանակել արդեն իսկ ներքին այդ համակարգում եղած պաշտոնատար անձանցից մեկին»,- մանրամասնեց պատգամավորը։
Նա հավելեց, որ իրենք առաջարկում են քաղաքական իշխանությանն ազատել այս կաշկանդվածությունից՝ նաև հաշվի առնելով խորհրդարանական երկրի փիլիսոփայությունից բխող տրամաբանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները