Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հարազատների խնդրագիրը վարչապետին
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտալ Աշոտ Մանուկյանի հարազատները:
Նա 23 տարի առաջ է դատապարտվել՝ երեք զինվորների սպանության համար, ինքն էլ զինծառայող էր։ Սկզբում մահապատժի է դատապարտվել, և երբ Հայաստանում 2003թ-ին վերացվեց մահապատիժը՝ պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։
Ցմահ դատապարտյալի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրերս Արմավիրի դատարանը մերժել է Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ-պայմանական ազատման դիմումը: Դատարանի մերժումից հետո նրա մյուս որդիները պատրաստվում են նամակ փոխանցել վարչապետին:
«Միայն արդարություն ենք ուզում՝ օրենքի կետերով։ 24 տարի սպասում էինք այդ օրվան, որ որդիս ազատ արձակվի, բայց նորից մերժեցին։ Զոհվածների ծնողները ներել են Աշոտին, ուզում են, որ նա մնացած տարիներն ազատության մեջ անցկացնի, սակայն պետությունը մերժում է։ Հիմա ուզում ենք դրա պատասխանն իմանալ»,- նշեց Աշոտ Մանուկյանի մայրը։
Նա նաև ասաց, որ պատժի կրման ընթացքում որդին դրսևորել է դրական վարքագիծ, այժմ էլ սովորում է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։
Ցմահ դատապարտյալի հարազատների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նրան փոխանցեցին վարչապետին ուղղված ներման խնդրագիրը։
Աշոտ Մանուկյանի եղբայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու նամակ են պատրաստել՝ մեկը արդարադատության նախարարությանը, մյուսը՝ վարչապետին՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ։
Հարազատները նաև ասացին, որ սպանված զինվորների ծնողները ևս դատավորին ներման խնդրագիր են ուղարկել։ «Ծնողները դատի օրը նույնպես գրություն են ուղարկել, որ համաձայն են Աշոտի վաղաժամկետ ազատ արձակմանը, բայց չենք հասկանում, թե ինչու են մերժում», - հայտնեց Աշոտ Մանուկյանի մայրը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև Եվրոպական դատարան։