Փորձում են ընթացիկ խնդիրների լուծման համար կոպիտ, բիրտ գործիքներ օգտագործել. Սուրեն Պարսյան
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն արվում են ընթացիկ խնդիրների լուծման համար։ Այս կարծիքն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Հիշեցնենք, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների փոփոխությունների համաձայն, առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման:
Panoraama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ այս փոփոխություններն արվում է տարբեր քերական գործերի մասին արագ տեղեկատվություն հավաքագրելու և վերլուծելու համար, ուստի որոշում է կայացվել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում այնպիսի դրույթ մտցնել, համաձայն որի, մեղադրյալի հետ փոխկապակցված անձի բանկային տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ իրավապահ մարմիններին։
«Ասենք՝ կասկածյալը 100 դրամ է փոխանցել ինչ-որ մեկին, իրավապահները կարող են «փորփրել» տվյալ անձի բանկային հաշիվները։ Կամ էլ գործատուն խնդիրներ ունի իրավապահների հետ, կարող են՝ որպես փոխկապակցված անձ, առանց հիմնավորման ստուգել աշխատողների հաշիվները»,- ասաց նա։
Սուրեն Պարսյանի խոսքով՝ նախագծի ընդունումից հետո ոչ միայն բանկային, այլ նաև ֆինանսական, տնտեսական համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ դրա հետևանքով հնարավոր է բանկերից գումարները տեղափոխեն ավելի ապահով երկրներ։
Բացի այդ, ըստ տնտեսագետի, հնարավոր է ստվերային գործարքների թիվն ավելանա. «Ենթադրենք մեղադրյալը ուզում է գումար փոխանցել իր հետ փոխկապակցված անձին, դա կանի ոչ թե փոխանցումով, այլ կանխիկով։ Ի վերջո վերահսկողությունից խուսափելու համար նա կարող է գտնել այլ միջոցներ։ Այսինքն՝ սա լուծում չէ, ուղղակի փորձում են ընթացիկ խնդիրները լուծելու համար կոպիտ, բիրտ գործիքներ օգտագործել»։
Անդրադառնալով կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հնչեցրած մտահոգություններին՝ Սուրեն Պարսյանն ասաց, որ փոխվարչապետը լինելով բանկային ոլորտի մարդ, լավ հասկանում է՝ ինչ է նշանակում բանկային գաղտնիք, և բանկի հաճախորդները որքան են կարևորում այս կամ այն բանկի գաղտնիքը պահելու ունակությունը։ «Պատահական չէ շվեյցարական բանկերի նկատմամբ վստահությունը, քանի որ այստեղ բանկային գաղտնիքի մասին բազմաթիվ օրենքներ կան»,- ընդգծեց տնտեսագետը։
Նա նաև նշեց, որ բանկային գաղտնիքի մասին դրույթները երաշխավորված են ոչ միայն մեր օրենադրությամբ, այլ նաև մի շարք միջազգային համաձայնագրերով ու պայմանագրերով, այսինքն՝ մարդու բանկային տեղեկատվությունը պետք է լինի ապահով, երաշխավորված և գաղտնի, իսկ պետությունը պարտավոր է դա ապահովել։
Հարակից հրապարակումներ`
- Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու»
- Կենտրոնական բանկ. Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը
- Երվանդ Վարոսյան. Հերթական չմտածված քայլը բնաջնջելու է Հայաստանի բանկային համակարգը
- Կամ պետք է ապօրինի միջամտություններ անեինք, կամ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում. վարչապետ