Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան. Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքի հետ մասնակցում է Սևանի թերակղզում անցկացվող «Eco fish fest» փառատոնին:
Փառատոնի մեկնարկին վարչապետն իր խոսքում նախ անդրադարձավ Սևանա լճին։
«Ոչ միայն մենք ենք շնորհակալություն հայտնում Սևանին, այլև Սևանն է մեզ շնորհակալություն հայտնում, քանի որ այս առավոտյան ևս 1 սմ-ով ավելացել է Սևանի մակարդակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 90 մլն խմ-ով:
Անդրադառնալով «Eco fish fest» փառատոնին՝ վարչապետն ասաց՝ ուրախ է, որ փառատոնային կուլտուրան Հայաստանում զարգանում է:
«Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է, և մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր ներդրում են Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, քանի որ դա զարգացնում է զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում է այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունն ու Սևանի շրջակայքում բիզնես իրականացնողները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին: «Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Եւ այդ ամենը պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ դա կարողանանք անել համագործակցության ոգով»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է փառատոնին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փառատոնի շրջանակում տարբեր ռեստորանների հայտնի խոհարարները ներկայացնելու են ձկով պատրաստած իրենց ուտեստները և մարդկանց հրավիրեց գալ և մասնակցել փառատոնին։
Նա նաև ասաց, որ հրավառություն է լինելու Սևանա լճից:
«Ես չգիտեմ նախկինում նման բան եղել է, թե չէ, բայց այսօր հրավառությունը լինելու է Սևանա լճից: Աննախադեպ տեսարան է լինելու, ժամը 20:00-ին, ովքեր ուզում են այդ հրավառությունը տեսնել, արժե ընտանիքներով գալ, Սևանի ափին մեկ բաժակ սուրճ խմել և տեսնել այդ հրավառությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում