Արմեն Հյուսնունց. Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը նախօրեին ներկայացել է Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում կայացած երեկոյի ընթացքում նվագախումբը հնչեցրել է մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:
Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչել են Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝ նոր և ինքնատիպ մոտեցմամբ:
«Մոտ կես տարի առաջ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ներկայացրել էինք «Երկու տարբերակ» ծրագիրը, որի ընթացքում հնչում էր օրիգինալ դասական ստեղծագործությունը, այնուհետև՝ այդ գործի ջազային մեկնաբանությունը: Այս անգամ ներկայացրել ենք միայն ջազային փոխադրությունները, ներկայացնում ենք նաև բոլորովին նոր գործիքավորումներ»,-նշել է Արմեն Հյուսնունցը:
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն ասել է, որ այս համերգային երեկոյով տրվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ամռան ընթացքում նվագախումբն ընդհանրապես չի հանգստացել, համերգ է ունեցել Սոչիում՝ Sochi Jazz Festival-ի շրջանակում, ինչպես նաև միանգամից մի քանի համերգային երեկո է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում:
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ելույթ ենք ունեցել զորամասում: Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը»,-առանձնահատուկ շեշտեց Արմեն Հյուսնունցը:
Ջազ նվագախմբի նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով: Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգն էլ այնքան ջերմ ընդունվեց, որ չի բացառվում՝ նվագախումբը ևս մեկ անգամ այն ներկայացնի ունկնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան