Լոլիկի ցեցի դեմ պայքարը երկու գյուղում արդյունք է տվել
Էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներն այցելել են Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքներ` «Հայաստանի Հանրապետությունում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծրագրի» շրջանակում բերքահավաքի աշխատանքները դիտարկելու և ծրագրի արդյունքներն ամփոփելու նպատակով։
Այցի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ լոլիկի պտուղները և բույսերը վնասատուներից զերծ են։
Նախարարությունից մանրամասնում են, որ ծրագրի իրականացման ընթացքում երկու համայնքում կազմակերպվել են դաշտային սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, մասնակիցներին տրամադրվել են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերի, վնասների ու ախտանիշների վերաբերյալ խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ:
Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի 10 հեկտար տարածքում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:
Հարակից հրապարակումներ`
- Կարտոֆիլի և լոլիկի ցեցի և դեմ պայքարի միջոցառումների ուղեցույցն անվճար տրամադրվել է համայնքներին
- Լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ. գյուղնախարարությունը զգուշացնում է