Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում. Փաշինյան
«Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդարանում հնչեցված հայտարարությանը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին:
«Չեմ կարծում, որ նա քաղաքական գնահատական նկատի ուներ։ Շատ իրավաբաններ կային, որոնք պնդում էին, թե Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում, ես զգուշավորությամբ էի վերաբերվում այդ հայտարարություններին, բայց ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումը ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ինչո՞ւ է ՍԴ-ն կայացրել ապօրինի որոշում, գիտեք ինչու, գիտեք ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով և ում համար է դարձել ՍԴ նախագահ։ Ես ձեզ ասեմ` այդ որոշումն ընդունած դատավորներից առնվազն երկուսը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն և անհասկանալի է, թե ինչու նրանք ինքնաբացարկ չեն հայտնել, ինչի են մասնակցել այդ գործով որոշման կայացմանը»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ կարծում է՝ ԱԺ նախագահը նկատի է ունեցել այն, որ պետք է այս իրավիճակը քննարկվի, թե արդյոք իրավական ընթացակարգեր կան: «Այսինքն՝ Սահմանադրական դատարանը ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել ՀՀ ժողովրդի դե՞մ։ ՍԴ-ն իր ողջ գործունեությամբ Հայաստանի բոլոր դժբախտությունների համահեղինակն է` սկսած ընտրությունների կեղծումից: 1996 թվականից սկսած՝ ՍԴ-ն ընտրությունների բոլոր կեղծիքները վավերացնող մարմին է եղել»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱԺ-ն և ՀՀ ժողովուրդը պետք է մտածեն, թե ինչ են անելու ՍԴ-ի հետ։