Հայկական ԿԽ-ից մարդասիրական օգնություն՝ Շիրակի մարզի կարկուտից տուժած 925 ընտանիքի
Սեպտեմբերի 16-ից Շիրակի մարզում այս տարի հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 32 575 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ)։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնում են, որ աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու առավել խոցելի՝ բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։
ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել և հստակեցրել է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։ Դրամական աջակցությունը կտրամադրվի Շիրակ, Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» և «Անի» մասնաճյուղերի միջոցով։
Հավատարիմ մնալով իր մարդասիրական առաքելությանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես արձագանքել է հանրապետությունում տեղի ունեցած խոշոր աղետներին՝ առավել տուժածներին տրամադրելով մարդասիրական օգնություն։