Շուշիից կարելի է նայել Աստծո աչքերի մեջ և գտնել փրկություն. Ռուբեն Մխիթարյան
«Այս տարին իմ համար հաստատ հիշվելու է, որպես մեծ հույսի, սիրո ու անսահման հավատի տարի: 2 տոն, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից են, դարձան իմ և նոր ու հին ընկերներիս համար խորհրդանշական: Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, դարձավ քաղաքիս վերածնունդի խորհրդանիշ: Սուրբ Խաչը, կամ Խաչվերացը, դարձավ Ապրիլում անմահացած հերոսների գենի և շարունակության Սուրբ Մկրտության օր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել էԱրմենիա» հեռուստաընկերություն նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով եղել է ապրիլյան մարտական գործողությունների մասնակից տղաների քավորությամբ մկրտության կազմակերպչական հարցերով զբաղվող անձնակազմից:
Ես չեմ կարող բացատրել, թե երեկ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում ինչ տեղի ունեցավ... ինչ կատարվեց... Օդում զգացվում էր գերբնականը, շոշափելի էր հոգևորը և հավիտենականը:
Երեկ Շուշիում մկրտություն ստացավ այն գենը, որը հազարամյակներ շարունակ կռվել, պահել ու կյանքի գնով նվաճել է ապրելու իրավունք: Մկրտվեց այն արյունը, որը դարեր ի վեր Հայ առաքելական եկեղեցու զինվորի պես պահպանել է մեր ինքնությունը: Սեպտեմբերի 15-ին մկրտվեցին ապագա հերոսները: 90 մկրտվողներից ամենափոքրը 11 ամսեկան էր, իսկ ամենամեծը 40-ին մոտ: Իսկ կնքահայրերը՝ մեր կողքին ապրող հերոսության վառ օրինակներ՝ անմահ տղաների մարտական ընկերներն էին: Ամեն մեկը դարձավ մի գերդաստանի պահապան, մի ընտանիքի թև ու թիկունք, մի գերդաստանի պաշտպան այնպես, ինչպես կանգնել էր 2016-ի ապրիլին և պաշտպանում էր մի ամբողջ ազգ հերթական ոտնձգությունից: Նրանք հաղթեցին այն անգամ: Նրանք հաղթեցին նաև երեկ... Այս անգամ, առանց զենքի, օրհնված ջրով սրբելով մկրտված սանիկների դեմքը և խորհրդանշական խաչ նվիրելով նրանց:
Նրանք ապրում են մեր կողքին՝ հերոս ծնած մայրերը և հաղթանակած կնքահայրերը: Մենք պարտավոր ենք անենք ամեն բան, որ նրանք ապրեն լավ և միշտ իմանան, որ կնքահայրերը սարի պես կանգնած են լինելու իրենց թիկունքին, մենք էլ, կողքից լուռ հետևելով, հաստատ հուսախաբ չենք անի եթե մեր կարիքը զգացվի:
«Ապրիլյան Մարտական Գործողությունների Մասնակիցների Միություն», Շուլի, Ռազ, Դավիթ, Սոս, Ժոռա, Դանիել, Հայկ, Գևորգ և մնացած իմ սիրելի ընկերներ: Ապրե՜ք: Դուք հաղթող եք ծնվել ու այդպես էլ ապրում եք: Շնորհակալ ենք բոլորիցդ ու կրկնակի շնորհակալ ենք անմահացած հերոսներից: Շնորհակալ ենք Ուրֆանյանների, Աբաջյանների, Սլոյանների և մնացած հերոսների ընտանիքներին, ովքեր իրենց ներկայությամբ օրհնեցին այս արարողությունը: Աստված պահի բոլորիդ ընտանիքները:
Շնորհակալ ենք Արցախի հանրապետության բարձրագույն ղեկավարությանը՝ իդեմս նախագահ Բակո Սահակյանի, մկրտության արարողությանը իրենց ներկայությամբ կարևոր խորհուրդ հաղորդելու համար: Շնորհակալ ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, մկրտության արարողությունը անցկացնելու համար: Մեծարգո պարոն նախագահ, սրբազան հայր, Աստված Ձեզ պահապան:
Շնորհակալ եմ ընկերներիս, որ օգնեցին կազմակերպել այս ամենը, որը դեռ չի տեղավորվում մեր գիտակցության մեջ և գուցե որոշ ժամանակ անց նոր դառնա մեր համար ընկալելի:
Շուշին այլ բարձունք է: Շուշիից կարելի է նայել Աստծո աչքերի մեջ և գտնել փրկություն...