«Բագրատունյաց ժառանգությունը»՝ Լոռի բերդում
«Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում սեպտեմբերի 29-ին կայանալու է «Բագրատունյաց ժառանգություն» փառատոն՝ նվիրված հայկական թագավորությունների և հատկապես Բագրատունյաց թագավորության ժառանգությանը։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն միջնադարյան արքունական խոհանոցը, տարազը, երաժշտությունն ու արհեստները։
Միջնադարյան քաղաքներին բնորոշ կոլորիտը կապահովեն արհեստավորական տաղավարներն ու շուկան։ Շուկայի տարածքում կլինեն ինչպես աճպարարական համարներ, այնպես էլ ժողովրդական երաժշտական նվագարաններով «երաժշտական մարտեր»։
Միջոցառման ընթացքում ծրագրված է սուսերամարտի տեսարանի ներկայացում, Լոռի բերդից պեղված գտածոների ցուցադրություն, բագրատունյաց շրջանի արքունական տարազների ցուցադրություն, բագրատունյաց խոհանոցի վարպետաց դաս ու համտես, ազգագրական պարերի ուսուցում։ Փառատոնին ելույթ է ունենալու «Վիշապ» համույթը՝ միջնադարյան երաժշտությունների առանձնահատուկ մատուցմամբ, «Որդան կարմիր», «TheBambir» ռոք խմբերը։ Մուտքն ազատ է։
Միջոցառման կազմակերպիչն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին