Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան
«Բնականաբար մենք իշխանության ներքին որևէ բանի չենք տիրապետում, բայց այսպես կոչված մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող է»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին։
Մարուքյանի կարծիքով՝ այդ հայտարարությամբ նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է իր գործը շարունակել քաղաքականության մեջ։
Ինչ վերաբերում է հարցին, թե իրենք գո՞հ էին ԱԱԾ արդեն նախկին տնօրենի աշխատանքից, պատգամավորն ասաց. «Մենք շատ նորմալ, ջերմ հարաբերություններ ենք ունեցել պարոն Վանեցյանի հետ։ Մեզ համար նրա հրաժարականը անակնկալ է եղել»։
Լրագրողի հարցին, թե իշխանության հետ պայմանավորվա՞ծ պետք է Վանեցյանը քաղաքական գործունեությամբ զբաղվի, Մարուքյանը պատասխանեց. «Ոչ, տեքստից ես չեմ տեսնում պայմանավորվածություն։ Ես նաև Փաշինյանի տեսակը գիտեմ, նա երբեք չի պայմանավորվում»։
Անդրադառնալով հարցին, թե իրենք կմիանան «Իմ քայլ»-ի՝ ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, Մարուքյանն ասաց. «Մեր խմբակցությանը որևէ մեկը չի դիմել նշված նախաձեռնության հարցով։ Չկա հիմքի այն թուղթը, որով նախաձեռնվում է, երբ որ կլինի՝ կմեկնաբանենք։ Ոչ մի կերպ կաշկանդված չենք, հիմա այստեղ ես ու Մանե Թանդիլյանը դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանին՝ ՍԴ նախագահ ընտրվելու ժամանակ՝ որպես «Ելք» դաշինքի պատգամավորներ, մեզ համար բարդություն չի ներկայացնում ևս մեկ անգամ դա անել քվեարկությամբ, բայց ֆունդամենտալ հարց կա՝ որքանով է գործընթացը սահմանադրական, ժողովրդավարական։ Թող հիմքերը ներկայացնեն՝ տեսնենք»։
Մանե Թանդիլյանը նշեց, որ եթե հիմքերը պատշաճ չլինեն, դա կարող է այլ ընթացք ունենալ. «Մենք խիստ կարևոր ենք համարում պատշաճ հիմքերի առկայությունը նման գործընթացում»։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
- Ալեն Սիմոնյանը գնահատականներ չի տալիս Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
- Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին