Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի հիմնը
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ World Congress on Information Technology (WCIT):
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից:
Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:
Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին:
Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը:
Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է:
Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի շուտ, քան WCIT 2019 Yerevan-ը, ոչ մի աղբյուր ճշգրիտ տեղեկություն չի կարող հրապարակել. Ուդումյան
- Հրապարակվեց Հայաստանում անցկացվող «WCIT 2019»-ի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին