Ինձ համար պատիվ է, որ մենք ներդրում ենք ունեցել Սբ. Հովհաննես եկեղեցու պահպանության հարցում. ԱՄՆ դեսպան
«Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը մեծ հարգանք ու ակնածանք են տածում Հայաստանի հարուստ պատմության և ժառանգության նկատմամբ, և ինձ համար պատիվ է, որ մենք մեր ներդրում ենք ունեցել Սբ. Հովհաննես եկեղեցու պահպանության հարցում»,- այս մասին նշել է ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսին՝ այսօր Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրն ամփոփման ժամանակ։
«Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ ապագա սերունդներն իմանում են հայկական մշակույթի ակունքների մասին։ Միացյալ Նահանգները հպարտ է, որ 2005թ. սկսած Դեսպանների հիմնադրամի միջոցով կարողացել է հայաստանյան մշակույթի պահպանությանն ուղղել ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար»,- իր խոսքում նշել է դեսպան Թրեյսին։
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Սա Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ. Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։
Ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ դեսպանությունը համագործակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ։ Պահպանության աշխատանքները մեկնարկեցին մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով, ապա ձևավորվեց ջրահեռացման համակարգը, փոխվեց տանիքը, տեղադրվեց օդափոխության համակարգը և բարեկարգվեց դեպի եկեղեցի տանող ճանապարհը։ Այս աշխատանքներին զուգահեռ մասնագիտական թիմը զբաղված էր եկեղեցում գտնվող որմնանկարների վերականգնմամբ։
Այցի ընթացքում դեսպան Թրեյսին շրջեց եկեղեցում և տեղում ծանոթացավ տարիների ընթացքում կատարված մանրակրկիտ աշխատանքին: Մեղրու ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատանքը հայ գործընկերների հետ մշակութային ժառանգությունը պահպանելու և այն ապագա սերունդներին ներկայացնելու հարցում։ Մեղրու ամփոփիչ միջոցառման ժամանակ դեսպան Թրեյսին հայտարարեց Դեսպանների մշակութային պահպանության հիմնադրամի նոր՝ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի ծրագրի մասին։ Հատկացվել է 100․000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին