Նախկինները թող չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ․Արթուր Վանեցյան
Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը։ Այսօր երեք լրատվամիջոցի՝ Hraparak.am, Factor.am, Armlur.am հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր հրաժարականին։
«Հրաժարականի տեքստը հրապարակվել է, բոլորը կարդացել են, ծանոթացել են, գնահատականները տվել են։ Եթե առաջիկայում անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, ապա անպայման կմեկնաբանեմ», - նշեց Արթուր Վանեցյանը։
Լրագրողն ընթերցելով Վանեցյանի հայտարարության այն հատվածը, թե «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում», հարցրեց, թե գիտակցո՞ւմ է՝ դրանք ինչ վտանգավոր ձևակերպումներ են Հայաստանի անվտանգության համար, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Միանշանակ գիտակցում եմ, առհասարակ իմ բոլոր քայլերն անում եմ գիտակցված, մտածված, և երբ կլինի մեկնաբանել հրաժարականի տեքստը, համոզված եղեք՝ կմեկնաբանեմ։ Կոչ եմ անում բոլորին՝ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ։ ԱԱԾ տնօրեն եղած 1,5 տարվա ընթացքում իմ աշխատանքը պատվով եմ կատարել, մեծ պատասխանատվության, դրական արդյունքներն ակնհայտ են եղել բոլորի համար»։
Նրա խոսքով՝ այն հեղինակությունն ու վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իր համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է պետությանը. «Ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ մեծ հաջողություն»։
Արթուր Վանեցյանը նաև նշեց. «Նախկիների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են ու ոնց կշարունակենք»:
Անդրադառնալով վարչապետր մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հնչեցրած կարծիքին, թե ԱԱԾ նախկին տնօրենը չի գրել իր հրաժարականի տեքստը, Վանեցյանն ասաց, որ տեքստն ինքն է գրել. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրել է իմ խորհրդական Արմեն Դավթյանը: Մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա։ Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել կոռուպցիոներների PR գրասենյակների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանի հրաժարականի պատաճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլ»-ական
- Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան
- Ալեն Սիմոնյանը գնահատականներ չի տալիս Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
- Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան