«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին։
Լրագրողների հարցին, թե ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը բարձրաձայնեց ՍԴ-ում ճգնաժամի առկայության մասին՝ պնդելով, որ Հրայր Թովմասյանը մի շարք ընթացակարգեր խախտելով չի հանդիսանում դատավոր, և այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնում է դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, արդյոք այս պահին Հրայր Թովմասյանը դատավոր է, թե ոչ։
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն ու ԱԺ գործընթացն իրար հետ մի հակադրեք։ Եթե ես նախկինում ասած լինեմ, որ Հրայր Թովմասյանը դատավոր չէ և հիմա ասեի, որ դատավոր է, միգուցե այդ հարցը տեղին լիներ։ Հիմա դատավոր է, թե՞ ոչ։ Պարզ է, որ Հրայր Թովմասյանի կողմից չի ընդունվում այն փաստը, որ ինքը չի հանդիսանում դատավոր։ Բայց ինքը, մասնակցելով գործի քննությանն ու որոշում կայացնելուն, ըստ իր համոզման, գործել է որպես դատավոր»,- հարցին պատասխանելով՝ ասաց խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Նա միաժամանակ նշեց, որ երբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ, այդ ժամանակ հարցերի պատասխանները կստանան։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ անդրադարձավ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի այն հայտարարությանը, թե ԱԺ-ի դեմ խաղ չկա և չի կարող լինել։ «Այստեղ մի փոքր թյուրըմբռնում կա։ Որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կամ նախկին պաշտոնյաների մոտ մեկնաբանություններ տեսա, որոնք մի փոքր մանիպուլյատիվ էին։ Կարծում եմ՝ պարոն Ուլիխանյանը նկատի է ունեցել այն, որ ԱԺ-ն իր գործառույթները 100%-ով իրականացնելու է Սահմանադրությանը համապատասխան, և այդ տրամաբանության մեջ ԱԺ-ն ունի բավականին լայն լիազորություններ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին