Իրանի նախագահը ՄԱԿ-ի շրջանակներում չի հանդիպելու ԱՄՆ-ի իր պաշտոնակցին
Իրանը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ նախագահ Հասան Ռուհանին ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպում չի ունենալու ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ: Դրանից մեկ օր առաջ էր Սպիտակ տունը հայտարարել կողմերի միջև բանակցություններ սկսվելու հնարավորության մասին:
«Նման հանդիպում տեղի չի ունենա»,- ասել է Իրանի արտգործանախարարության խոսնակը: Իրանի պաշտոնատար անձինք պարբերաբար հերքել են Վաշինգտոնի հետ հանդիպում կամ բանակցություններ անցկացվելու մասին լուրերը: Նրանք դա պատճառաբանել են Իրանի նկատմամբ ամերիկյան կողմի պատժամիջոցներով, որոնք Դոնալդ Թրամփն ուժի մեջ դրեց միջուկային միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերելուց հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Արգործանախարարության խոսնակ Մուսավին նաև քննադատել է 2015 թվականի միջուկային պայմանագրի կողմ հանդիսացող եվրոպական պետություններին` Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային ու Գերմանիային` «պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար»:
Իրանն ավելի վաղ դատապարտել է ու «անընդունելի» որակել ԱՄՆ-ի այն մեղադրանքները, որոնց համաձայն Իրանն է մեղավոր Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների դեմ իրականացված հարձակման մեջ: Նման մեղադրանքներով հանդես գալուց հետո ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է համապատասխան քայլերի:
Նշենք, որ հարձակումների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Եմենում Իրանի հետ դաշնակից հութի ցեղախմբի ապստամբները:
«Կառուցողական դիվանագիտության համար պայման է հանդիսանում պատժամիջոցների ավարտը»,- ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակն ու ավելացրել, որ Իրանը բանակցություններ է անցկացնում, երբ լինում է վստահ, որ իր ժողովրդի խնդիրները կարող են լուծվել:
«Պատժամիջոցները պետք է հանվեն, և Միացյալ Նահանգները պետք է հարգի Իրանի ժողովրդին»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիա․ Նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ներգրավված է Իրանը
- Թրամփը կարգադրել է ԱՄՆ պահուստներից նավթի բաշխում իրականացնել՝ շուկայի կայունացման համար
- Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների հրդեհից հետո նավթի գները կտրուկ բարձրացել են
- Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի խոշորագույն նավթի գործարանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան