Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ
«Մենք միջնորդում ենք, որպեսզի պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրվի գրավը»,-դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։
Նա ընդգծեց, որ մեղադրող կողմը չի կարող նշել որևէ փաստ ուղղակի կամ անուղղակի, երբ պարոն Քոչարյանը փորձ է արել թաքնվել քննությունից կամ փորձ է արել խոչընդոտել քննությանը։
«Հետևաբար այս պահի դրությամբ չկա որևէ պատճառ կանխատեսելու, եթե պարոն Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննությանը»,-ասաց Ալումյանը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը, նախաքննության ընթացքում՝ նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին լինելով ազատության մեջ, երբ նրա նկատմամբ ընտրված չէր որևէ խափանման միջոց, ունենալով անձնագիր, ունենալով Գերմանիայում ուսումնասիրություն անցնելու անհրաժեշտություն այդ պահին, չի մեկնել երկրից։
«Այդ պահին ոչ մի օրենք չի խանգարել, որ պարոն Քոչարյանը մեկներ Գերմանիա։ Այնուամենայնիվ, Գերմանիա մեկնելու անհրաժեշտության մասին տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին, իսկ երբ նախաքննական մարմինն ասել է՝ քննության շահերից չի բխում հանրապետությունից մեկնելը, նա հանձնել է իր տոմսերը և չի գնացել։ Սա ևս մեկ ու շատ կարևոր փաստ է գնահատելու այն հավանականությունը, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե պարոն Քոչարյանի խափանման միջոցը վերացվի կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվի գրավ»,-ասաց նա։
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ իր հերթին նկատեց, որ այս գործով օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչները ճնշումներ են իրականացնում դատական իշխանության նկատմամբ, դրանք հատկապես ակտիվանում են, երբ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։
«Վերջին ճնշումները, ըստ էության, եղել են երեկ՝ Ձեր կողմից որոշում կայացնելու նախօրեին։ Չեմ ուզում անդրադառնալ տարբեր մարդկանց կողմից Ձեր այցելությունների մասին լուրերին»,-ասաց Օրբելյանը։
Նա նաև դատավորի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ ՍԴ-ն կարծիք ստանալու համար դիմել է Վենետիկի հանձնաժողովին, ինչը նշանակում է, որ առկա է առերևույթ կասկած, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանդրությանը, հետևաբար միջնորդում են կիրառել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան