Օրինագիծն անշարժ գույքի կադաստրային արժեքը և ոչ թե գույքահարկը «հաշվելու» մասին է. Կոմիտե
Կադաստրի կոմիտեն հաղորդագրություն է տարածել նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրության որոշ շրջանակներում այն ստացել է «գույքահարկի օրենք», «շքեղության հարկի օրենք» անունը։
«Իրականում այն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման մասին է։ Փաստաթղթի պաշտոնական անվանումն է՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք և, ինչպես Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ «այս օրենքի ընդունումը դեռևս չի նշանակում որևէ հարկի բարձրացում. ուղղակի սրանով ամրագրում ենք, թե պետությունը կամ հանրությունը ինչպես են շուկայականին, ընդհանրացված կամ խոշորացված՝ մոտարկված կերպով գնահատելու անշարժ գույքը»։ Այսինքն, այս օրինագիծը ոչ թե անշարժ գույքի հարկ սահմանելու, այլ ներկայումս գործող հնացած, շուկայականից խիստ տարբերվող կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելու մասին է։
Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության քաղաքականությունը ենթադրում է հարկային մուտքերի ավելացում բարձրարժեք գույքերի հարկման մասով, և այս օրինագծին զուգահեռ մշակված մեթոդաբանությունը ենթադրում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։ Դա հիմք կդառնա, որպեսզի կառավարությունը՝ կիրառելով անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմներ և ապահովելով հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխում, հանդես գա բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է ոչ բարձրարժեք գույքին, կառավարությունը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկելու է, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերը հարկի որևէ բարձրացում չզգան, իսկ միջին խավի դեպքում այն չնչին լինի։
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքից բխում է, որ ներկայումս գործող երկու առանձին՝ հողի և շինության հարկատեսակները պետք է միավորվեն մեկ՝ «անշարժ գույքի հարկի» մեջ ։ Նպատակներն են՝ միասնական հարկի ամրագրումով պարզեցնել անշարժ գույքի գնահատման և հարկման ընթացակարգերը և մշակված մեթոդաբանությամբ ունենալ կադաստրային գնահատման շուկայականին մոտարկված համակարգ, ինչն իրականացվել է այս նախագծով։
Արդյունքում կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքների և իրական շուկայի միջև եղած հսկայական և անընդունելի տարբերությունը, պետական և համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ, կշրջանառվեն պարապուրդում գտնվող արտադրական և ոչ միայն արտադրական գույքերը, կդյուրացվի հարկային վարչարարությունը, կունենանք գնահատման մրցունակ և միասնական համակարգ։
Օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի և շինության 1 քմ մակերեսի բազային արժեքներ, Հանրապետությունում այս պահին կադասատրային տարածագնահատման 16 գոտիների փոխարեն կամրագրվի նման 20 գոտի, ինչն է'լ ավելի հասցեական կդարձնի այն, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը և այն միջակայքերը, որոնց նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը և, վերջապես, հարկման նոր դրույքաչափերը։ Օրենքի՝ գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը։ Իսկ մինչ այդ կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացնի չհարկվող շեմն ու դրույքաչափերը սահմանող նախագծեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անշարժ գույքի հարկման վերաբերյալ ԱԺ ընդունած օրենքը հակասում է Սահմանադրությանը․ Թանդիլյան
- «Անհանգստանալու կարիք ունեն միայն անշարժ գույքի խոշոր սեփականատերերը»
- Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա
- Ինչպե՞ս են Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառուները գույքահարկ վճարելու
- Փոփոխությունից հետո հայտնի առանձնատան համար սեփականատերը 8 անգամ ավելի հարկ կվճարի. Սարհատ Պետրոսյան