Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն
Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում, Վաշինգտոնում անցած Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը: Նրա կարծիքով, 2018-ի Թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում, միշտ հավատացել եմ սերտ հայ-ամերիկյան հարաբերություններին, սակայն երբեք դրանց ամրությանը չեմ հավատացել այնքան, որքան հիմա, միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»,-ասել է Ջեքի Սփիր-Կանչելյանը։
Կոնգրեսականի կարծիքով, Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում և հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։ Իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, մարտահրավերներ, որոնք ավելի հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար:
Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում, ինչպես ասել է Ջեքի Սփիրը, ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ։
«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, և մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»,-ասել է Ջեքի Սփիրը։
Ջեքի Սփիր-Կանչելյանին Ամերիկայի հայկական համագումարի պարգևատրման արարողության կապակցությամբ հատուկ շնորհավորական նամակ էր ուղղել նաև Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նամակ, որը կոնգրեսականի խոսքով իր համար հատուկ նշանակություն ունի.
«Ես մեծ հարգանք եմ տածում Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Բարդ է խոսքերով նկարագրել, նրա առաջնորդած խաղաղ իշխանափոխության կարևորությւոնը, նրա՝ երկիրը առաջ տանելու ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքրը: Ես կփորձեմ աջակցել այդ կարևոր գործին որքան կարող եմ, համոզված եմ, որ հենց դա կցանկանար մայրս»,-ասել է Ջեքի Սփիրը։
Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախաձեռնությամբ Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն: