Հայաստանը` սեփական օրակարգով և Արևելք-Արևմուտք հակադրության օրոք
Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակում անցկացվեց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին քննարկում ՀՀ և ԱՄՆ չորս դեսպանների մասնակցությամբ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Վաշինգտոնում տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսը, որի շրջանակներում Հայաստանի և Միացյալ Նահագների չորս նախկին և գործող դեսպաններ քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը կարևորեց Հայաստանի ինքնիշխանության գործոնը արտաքին քաղաքականության ոլորտում։
«Թավշյա հեղափությունը հստակ ազդանշան ուղարկեց աշխարհին և մասնավորապես Եվրասիական միությանը, որ Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին, որոնք միշտ չէ, որ համընկնում են վերոհիշյալ խմբի անդամ երկրների շահերի հետ»,-ասաց Շուգարյանը։
Այսօր Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ, նշեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Հայաստանի համար արտաքին քաղաքական գերխնդիրներից են ղարաբաղյան հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Դեսպանը շեշտեց նաև Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների կարեւորությունը՝ անվտանգության մարտահրավերներից ելնելով, միաժամանակ նշելով, որ նոր վարչակազմին հաջողվել է պահպանել հավասարակշված բազմաբևեռ արտաքին քաղաքականություն:
«Նրանց հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից»,-ասաց Էվանսը։
Իր հերթին նախկին փոխպետքարտուղար, դեսպան Ջոն Հեֆերնն իր ելույթում կենտրոնացավ հետհեղափոխական փուլում օրենքի գերակայության հաստատման խնդրին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում: Բոլոր կուսակցություններն ու տեղական և օտար ընկերությունները պետք է հավասար լինեն օրենքի առջև, նշեց Հեֆերնը՝ կարևորելով գործող համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:
«Ինստիտուտների կառուցումը հիմնական խնդիրներից է, սակայն հանրային վստահությունը դրանց նկատմամբ ևս շատ կարևոր է: Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց: Անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ»,- նշեց Հեֆերնը:
ԱՄՆ-ում ՀՀ գործող դեսպան Վարուժան Ներսիսյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ը առանցքային գործընկեր է Հայաստանի համար:
«ԱՄՆ շարունակում է մնալ առանցքային գործընկեր Հայաստանի համար: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը վարչապետ Փաշինյանի կառավարության առաջնահերթություններից է, և մենք հույս ունենք ընդլայնել դրանք»,- նշեց Ներսիսյանը:
Նրա գնահատմամբ Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր հետ բերեց հիմնարար փոփոխություններ: Դա համահայկական շարժում էր, զերծ որևէ աշխարհաքաղաքական բովանդակությունից, որը միավորեց հայության բոլոր հատվածները: