Հովհաննես Ալեքսանյան. Հայրենադարձության տեմպերի որոշակի աճ կա
«Անընդունելի է, որ հայրենադարձության ոլորտում շուրջ 28 տարի է գոյություն չունի օրենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Նա նշեց, որ 2008-ին ստեղծվել էր սփյուռքի նախարարությունը, մշակվել էր հայեցակարգեր, Հայրենադարձության մասին օրենք, որը չի ընդունվել։
«Օրենքի բացը մեզ հնարավորություն չի տալիս ունենալ ամբողջ պատկերացումների շրջանակը, կարգավիճակի խնդիրները, գործընթացի ամբողջական նկարագրությունը, սահմանվելիք ինտեգրման ժամկետը, հնարավորությունը։ Հայրենադարձության մասին օրենքի ընդունումը կհեշտացնի և պետական կառույցների աշխատանքը, և հասարակական սեկտորի, որոնք այս կամ այն չափով այդ գործընթացում ներգրաված են»,- ասաց Հ. Ալեքսանյանը։
Նա տեղեկացրեց, որ 2008-ին մշակած օրենքի նախագիծը մշակողները նույնպես ներգավված են այսօրվա աշխատանքային խմբում, այդ տարբերակում կան բավականին ընդունելի դրույթներ։ Հ. Ալեքսանյանը նշեց, որ ունեցել են մի քանի աշխատանքային քննարկումներ, պատրաստ լինելու դեպքում կդնեն հանրային քննարկման, հույս հայտնեց, որ առաջիկայում այդ օրենքը կլինի, որը խիստ անհրաժեշտ է իրենց հետագա աշխատանքների կազմակերպման համար։
Հ. Ալեքսանյանն ասաց, որ հայրենադարձության տեմպերի որոշակի աճ կա անցած տարվա մայիսից սկսած։
«Հարյուրավոր ընտանիքներ են դիմել սկզբում սփյուռքի նախարարություն, հիմա էլ գրասենյակ, այցելում են մեզ, ստանում են մեր աջակցությունը, բայց օրենքի ընդունումը հնարավորություն կտա համակարգված աշխատանք տանել»,- նշեց նա։
Ասուլիսին ներկա սոցիոլոգ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը կարևորեց օրենքի մշակման գործընթացը, սակայն նշեց, որ օրենքը պետք է արտացոլի պետական քաղաքականությունը, իրավական կարգավորումների հիմնավորումները։
«Բայց դեռևս չունենալով հայրենադարձության պետական քաղաքականություն, մշակում ենք օրենք, որը պետք է կարգավորի այդ քաղաքականությունը։ Պետք էր սկսել մշակել քաղաքականությունը, նոր օրենքը։ Այսինքն պետք է օրենքը վերջում մշակել»,- նշեց նա։
Հ. Ալեքսանյանն ասաց, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունում հստակ երևում են այն չորս ուղղությունները, որոնք դրված են գրասենյակի առջև՝ հայապահանություն, հայրենադարձություն, ներուժի համախմբում, Հայաստան-Սփյուռք գործակցության ամբողջ սպեկտրը։
Օրբելի կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանն ասաց, այսօր Սփյուռքը ներկայացնող մեկ միասնական կառույցի խնդիր ունեն, չկա նման կառույց, որը կարող է իրեն իրավունք վերապահել խոսել ողջ սփյուռքի անունից։
«Բոլորին մեկ միասնական հարթակի շուրջ համախմբելու խնդիրը միշտ եղել է, կա, կլինի, քանի դեռ այդ միասնական կառուցը չի ստեղծվել։ Ողջունելի է այն քաղաքականությունը, որ փորձ է արվում Սփյուռքում ձևավորել մի կառույց, որն ի վիճակի կլինի ներկայացնել ողջ Սփյուռքը։ Այն Հայաստանի հետ համագործակցության ռեսուրսը, հարթակը կլինի, որն ավելի արդյունավետ կդարձնի Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով, կառույցը պետք է լինի վերկուսակցական, վերդավանական, անկախ տարբեր ուժային կենտրոններից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան