Դատավորները կթիրախավորվեն
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում ընթանում է Բարձրագույն դատական խորհրդի հանդիպումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ հանդիպումը դռնբաց է, օրակարգ չկա։
«Ցանկացած փուլում Բարձրագույն դատական խորհուրդը պատրաստ է բաց քննարկել ցանկացած հարց, պատրաստ է կանգնել ցանկացած խնդրի թիկունքին, որի առջև կկանգնեն մեր դատավորները։
Այն քաղաքականությունը, որը մշակվել է և ընդունվել ԲԴԽ կողմից, բացարձակ դռնբացությունն ու թափանցիկությունն է, որևէ խնդիր, հարց, պրոբլեմ չի քննարկվում դռնփակ կամ գաղտնիության ռեժիմով։ Բոլորին լսելու ենք, բոլորի ձայնը հասու է մեզ»,- ասաց ԲԴԽ նախագահը։
Խոսելով ԲԴԽ ձեռքբերումների մասին, Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ մինչև տարեվերջ փոխվելու է ողջ դատական համակարգի համակարգիչները, արդեն մրցույթ է հայտարարված։
Նա ասաց, որ պայմանավորվածություն ունեն և շուտով գործարկելու են՝ դատավորների սեփական մեքենաներին տրամադրվելու է դատական համակարգի պետհամարանիշներ։ Նա ընդգծեց, որ կամավոր է, ով կուզի, կփոխի։
«Մեր համոզմամբ, սա երկու հարց է լուծում։ Առաջին՝ հասարակությունը տեսնում է, որ մեքենայի ղեկին դատավոր է, վերաբերմունք է փոխվում այդ մեքենայի հանդեպ։
Դատավորները կգտնվեն հանրային հսկողության տակ. որևէ դատավոր, որը կկատարի ճանապարհային երթևեկության խախտում, կթիրախավորվի, որևէ մեքենա, որը կհայտնվի գիշերային ակումբի կամ խաղատան առջև, նույնպես կթիրախավորվի»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն կհանդիպի առաջին ատյանի դատավորների հետ
- ԲԴԽ-ում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
- Վարդազարյանը բացատրում է, ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին
- ԲԴԽ նախագահը՝ վեթթինգի մասին. Պետք է սկսել հենց ինձանից
- Ռուբեն Վարդազարյան. ԲԴԽ-ն այսուհետ լինելու է չափազանց բաց ու թափանցիկ