Դատավոր Նախշքարյան. Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ ես տեր եմ ման գալիս և վնգստում եմ դռների տակ
«Ինձ վիրավորում է, երբ ասում են, որ ես տեր եմ ման գալիս և վնգստում եմ դռների տակ։ Ինձ վիրավորում է, երբ նախարարը դատավորների նկատմամբ որոշակի արտահայտություններ է իրեն թույլ տալիս, ինչ է՝ համաձայն չէ դատական ակտի հետ։ Ես գտնում եմ, որ դա անվիճելիորեն միջամտություն է դատավորի աշխատանքին»,- Բարձրագույն դատական խորհդրի անդամների և Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների հանդիպմանն ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։
«Ես գտնում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաներիի կողմից նման հայտարարությունները, որոնք հնչում են ամենուրեք, նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը և պատիվը, նվաստացնում են ամբողջ դատական իշխանությունը։ Ինձ մտահոգում է, երբ ԲԴԽ անդամը հարցազրույցում ասում է՝ մի քիչ կոպիտ է ասվել, բայց իրականություն է դա, ինձ վիրավորում է դա։ Ես ուզում եմ հասկանալ՝ միայն ի՞նձ է վիրավորում։ Ինձ մտահոգում է, որ ԲԴԽ-ն գտնում է, որ դա իրականություն է»,- ասաց դատավորը։
Զարուհի Նախշքարյանի խոսքով, որպես դատավորի՝ անկախությանը միջամտություն է և ճնշում, երբ նման արտահայտությունների թիրախ է դառնում. «Այս արտահայտությունները սնուցում են հասարակության մեջ դժգոհությունը, եթե նույնիսկ այդպիսին կա»։
Նա նշեց, որ խնդիրների մասին բարձրաձայնել է 1 տարի առաջ, կես տարի առաջ, դրանց որևէ արձագանք չի եղել։
«Թուղթը, գրիչը, մյուս խնդիրն ինչպես եղել է, այդպես էլ մնացել են, կարգապահական վարույթները միայն շատացել են։ Առաջ կարգապահական վարույթներ էին հարուցվում, հիմա քրեական գործեր են հարուցվում։ Ես տեսնում եմ տենդեցը դեպի բացասական է։
Եթե ես տնից դուրս եմ գալիս, գնում եմ աշխատանքի՝ գիտակցելով, որ շենքերը կարող են արգելափակվել, գործադիր և օրենսդիր իշխանություններն աջակցեն արգելափակման գործընթացին, եթե իմ ընտանիքի անդամների հասցեին կարող են սպառնալիքներ և ամենացածրորակ որակավորումներ տեղ գտնել սոցցանցերում, եթե ես պետք է գիտակցեմ, որ իմ ցանկացած ակտերը պետք է հարմարացնեմ ինչ-որ չափորոշիչի, որոնք ներկայումս գոյություն ունեն մեր իրողության մեջ, հակառակ դեպքում վարույթ կհարուցվի, որտե՞ղ մնաց իմ անկախությունը, որ սահմանադրորեն է ամրագրված»,- ասաց Զարուհի Նախշքարյանը։
Դատավորն իր խոսքի վերջում ասաց, որ ԲԴԽ–ից որևէ պատասխան չի ակնկալում, բայց հույս ունի, որ ԲԴԽ անդամները խորհրդի նիստերի ժամանակ այդ հարցերը կքննարկեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան