Հայաստանում 90 ընտանիքի օրինակով պարզել են՝ ինչպես պետք է հաղթահարել աղքատությունը
«Տարիների ընթացքում մենք հանգեցինք այն եզրահանգման, որ նյութական միջոցներ, գույք տալով մարդկանց կյանքը որևէ էական փոփոխության չի ենթարկվում», -նման կարծիք հայտնեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը՝ «Աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արձանագրված առաջին դրական արդյունքները» խորագրով կազմակերպած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, դա առաջացրեց սոցիալապես անապահով մարդկանց օգնելու մոտեցումները փոխելու անհրաժեշտություն։
«Մարդկանց նվիրելով կով, հավ կամ այլ բաներ, մենք ընտանիքների բարեկեցության ու եկամուտների աճի խնդիրը չենք լուծում։ 5-6 տարի առաջ համաշխարհային փորձը գործիքակազմ մշակել էր, մենք որպես միջազգային կազմակերպություն՝ այդ փորձի հիման վրա որոշեցինք փորձակել այն մեթոդաբանությունը, որն ապացուցել էր կենսունակությունը»,-նշեց նա՝ մանրամասնելով, որ խոսքը աղքատության փուլային հաղթահարման մասին է։
Ծրագրի շրջանակում, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների հետ կատարվել է համակարգված ու հետևողական աշխատանք, այն տևել է 18 ամիս։
Սոցիալական աշխատողն ընտանիքի կարիքի, ուժեղ կողմերի գնահատման հիման վրա այլ մասնագետների հետ կազմել է անհատական զարգացման պլան։
«Այն ընտանիքները, որոնց հետ մենք աշխատել ենք, նպաստի համակարգում են ընդգրկված։ 2017-ին՝ առաջին փուլում ընտրվել է 90 ընտանիք տարբեր մարզերից։ Հետագայում ծրագիրն ընդլայնվեց՝ ներառելով 18 ընտանիք։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանիքների 90 տոկոսի մոտ գրանցվել է մշտական եկամուտի աճ, իսկ դա նշանակում է, որ ամեն հաջորդ ամիս նրանք ավելի շատ եկամուտ են ստանում, քան նախորդ ամիս։ Այն միջինում եղել է 55 տոկոս, ունեցել ենք ընտանիքներ, որտեղ աճը եղել է 5-6 տոկոս, եղել է ընտանիք, որի աճը կազմել է 460 տոկոս»,-ասաց նա։
Ժիրայր Էդիլյանը հատկանշական ու մեծ ձեռքբերում է համարում, որ 15 ամիս անց ընտանիքների 48 տոկոսը հաղթահարել էր ծայրահեղ աղքատության շեմը։
Ասուլիսի մասնակից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ հայտարարեց, որ«Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի իրականացման համար պետությունը կտրամադրի 500 մլն դրամ։
«Այս ամիս արդեն կսկսեն վերապատրաստումները աշխատակիցների համար»,-ասաց Բաթոյանը։
Նախարարի խոսքով, նախարարության տնտեսումների հաշվին 1000 ընտանիքի տրամադրելու են աջակցություն՝ մասնավորապես օգնելու են զբաղվել անասնապահությամբ։ Այն նախ կլինի փորձնական, ապա արդյունքներ գրանցելու դեպքում կընդլայնվի ծրագիրը։