Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու. Դավիթ Տոնոյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր մշտական հանձնաժողովում այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ տեղի ունեցած քննարկումներից հետո լրագրողները կրկին հարցեր ուղղեցին նախարարին։
Ինչպես քննարկումից առաջ, այնպես էլ դրանից հետո լրագրողներին հետաքրքրում էր ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։
Հարցին, թե մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Արթուր Վանեցյանից և Վալերի Օսիպյանից հետո, պաշտոնից հաջորդ հեռացողը պաշտպանության նախարարն է լինելու, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Թող շրջանառվի»։
Դիտարկմանը՝ հերքո՞ւմ է, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու, նախարարը նշեց, որ ինքը կատարում է իր պարտականությունները. «Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու և իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու»։
Ճշտող հարցին՝ այսինքն անձամբ չի ներկայացնելու հրաժարականի դիմում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չունեմ այդպիսի մտադրություն»:
Ինչ վերաբերում է իրեն աշխատանքից ազատելու հնարավորություններին, նախաարարն ասաց, որ չի կարող այդ առումով որևէ բան ասել:
Լրագրողները նաև հարցրեցին, վերջին պաշտոնանկություններն արդյոք չեն անդրադառնա երկրի անվտանգության վրա, Դավիթ Տոնոյանն ասաց, որ համակարգը կուռ աշխատում է. «ԱԱԾ պետն ինքն է որոշում կայացրել, և վարչապետը, որքանով հասկանում եմ, համաձայնվել է այդ որոշմանը»:
Դիտարկմանը, թե մամուլում արդեն շրջանառվում է իրեն փոխարինողի անունը, պաշտպանության նախարարը նախ ասաց, որ նման հարցերով սադրում են, այնուհետև ավելացրեց. «Ոչ մեկ մշտական չէ»:
Նրա խոսքով՝ ինքն անփոխարինելի չէ։ Իսկ այն հարցին, թե հնարավոր չի համարում՝ 1-2 օր հետո վարչապետն իրեն նույնպես պաշտոնից կազատի, Դավիթ Տոնոյանը ոչինչ չբացառեց. «Հնարավոր եմ համարում»։
Դիտարկմանը՝ եթե նախարարն ասում է, որ վարչապետի հետ տարաձայնություններ չունի, այդ դեպքում ինչու ինքը չի բացառում, որ իրեն կարող են աշխատանքից ազատել, Դավիթ Տոնոյանը նշեց, որ դա վարչապետի իրավասությունն է. «Ասում եմ՝ ոչ հրաժարական ներկայացնելու մտադրություն ունեմ, ոչ այդպիսի տեղեկություններ ունեմ, ոչ էլ այդպիսի առաջադրանք եմ ստացել։ Դրա համար նախադրյալներ, հիմք չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
- Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին
- Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի մասին