«Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով քննարկումը այդքան էլ չէր հետաքրքրել կուսակցականներին
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կլոր-սեղան քննարկում էր նախաձեռնել «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով՝ Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ։
Նշենք, որ միջոցառումն աչքի էր ընկնում մասնակիցների սակավաթվությամբ։ Քննարկումը վարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ միջոցառումը տևելու է ամբողջ օրվա ընթացքում և հույս հայտնեց, որ մասնակիցների թիվը կավելանա։
«Միջոցառման մասին հայտարարությունը տարածվել է մի քանի օր առաջ, նաև անհատապես միջոցառմանը հրավիրված են եղել արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ կուսակցություններ, որոնք մասնակցել են նախորդ համապետական ընտրություններին, հույս ունեմ որ նրանք էլ ընթացքում կմիանան մեզ։ Վստահ եմ, որ պատգամավորների մեկ այլ մաս ևս կմիանան, բանն այն է, որ այսօր ԱԺ-ում առավոտյան այլ միջոցառում էլ կար, հուսամ դրա ավարտից հետո մեր գործընկերները կգան այստեղ»,- բացման խոսքում ասաց պատգամավորը։
Այնուհետև Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթը՝ անդրադառնալով քննարկման բուն թեմային՝ նշեց. «Մեզ համար կարևոր է, որ այս գործընթացը լինի ներառական և ներգրավված լինեն ոչ միայն խորհրդարանում ներկայացված կուսակցությունները, այլև այն կուսակցությունները, որոնք չեն կարողացել անցնել խորհրդարան վերջին ընտրությունների ժամանակ»։
Նրա խոսքով՝ այս գործընթացի համար անհրաժեշտ է ապահովել առավելագույն լեգիտիմություն. «Սա 21-րդ դարի ժողովարդավարության մեծագույն մարտահրավերներից է այն իմաստով, որ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել էլոկտորատի, խորհրդարանի և կառավարության հետ կապը»։
Քննարկմանը ներկա Հիմնադրամի փորձագետ Ֆերնանդո Քասալ Բերտոան այսպիսի օրինակ բերեց. «Բերմինգհեմի համալսարանի իմ գործընկերներից մեկը մի անգամ ասաց, որ փողը կուսակցության քաղաքականության շարժիչների վառելիքն է, վառելիքը չի որոշում, թե որ մեքենան է ավելի արագ կամ ով կհաղթի, բայց մեծ արագությունների ժամանակ մեքենաներին պետք է շատ վառելիք, իսկ փոխադրամիջոցները պետք է հասանելիություն ունենան վերալիցքավորման»։
Ինչ վերաբերում է կուսակցություններին տրամադրվող սուբսիդիաներին՝ նա ասաց, որ տարբեր երկրներում տարբեր չափանիշներ են կիրառում. «Հայաստանն օրինակ որոշել է պետական սուբսիդիաները տրամադրել հավաքած քվեների տոկոսային չափի հիման վրա։ Երկրների մեծամասնությունն էլ հիմնվում է այս չափանիշի վրա»։