ԱԱ. Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը պարտություն կրեցին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականն ուներ 2 ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), որոնք պարտություն են կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:
Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 9:4 հաշվով հաղթեց վրացի Օտարի Գոգավային: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:17 հաշվով պարտվեց հնդիկ Կումար Ռավիին:
Գոտեմարտի սկզբնամասում Հարությունյանը հաղթում էր 6:0 հաշվով, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը:
Եթե հնդիկ ըմբիշը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին, իսկ 1/16 եզրափակիչում 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: Ճապոնացի ըմբիշը պարտություն կրեց հաջորդ գոտեմարտում, ինչի պատճառով Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ում հանդես կգան նաև Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա