ԱՄԷ համալսարանի դոկտոր. Մատենադարանում ես հնարավոր է գտնեմ բացառիկ մի բան, որ դեռևս ոչ ոք չի հրատարակել
«Առաջին անգամ եմ Հայաստանի Հանրապետությունում, սակայն ես շատ լավ գիտեմ Հայաստանի պատմությունը, քանի որ ուսուցանում եմ, գրքեր եմ գրում Պարսից ծոցի տարածաշրջանի մասին, ինչպես նաև գիրք եմ գրել Պարսկաստանի ու Բյուզանդիայի հարաբերությունների մասին, երբ այդ ժամանակ Հայաստանը մեծ պրոբլեմ էր այս երկու երկրների միջև և նրանք կռվում էին իրար դեմ Հայաստանի տարածքում։ Այս պատճառով էլ լավ ծանոթ եմ Հայաստանին ու նրա պատմությանը»,- այս մասին Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց Էմիրությունների համալսարանի պատմության և հնագիտության դասախոս, դոկտոր Համադ բին Սարայը, որը գիտակրթական այցով գտնվում է Հայաստանում՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության հրավերով։
Համադ բին Սարայը նշեց, որ իր երկրում շատ հայեր կան, Եգիպտոսում, Լիբանանում, Հորդանանում հայկական մեծ համայնք կա։ Երկրների միջև կան նմանություններ, անգամ լեզվական։
«Այս պատճառով, երբ ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին ինձ հրավիրեց Հայաստան գիտակրթական ծրագրով, այստեղ դասախոսություններ կարդալու, ես մեծ շնորհակալություն հայտնեցի։ Այս այցը լրացնում է այն գիտելիքը, որ ունեմ հայ ժողովրդի ու Հայաստանի մասին։ Դասախոսությունների ընթացքում ես ուղղակի զարմացած էի՝ տեսնելով ադքան խելացի, սմարթ ուսանողներ, ովքեր շատ հարցեր են բարձրացնում։ Մենք քննարկել ենք, որ, հնարավոր է, արաբերենով մասնագիտացած մի քանի գիտնականներ Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարաններից գան Հայաստան»,-ասաց Համադ բին Սարայը՝ հավելելով, որ քննարկվում է նաև Հայաստանից մասնագետների այցերը Էմիրություններ։
Դոկտոր Համադ բին Սարայը, ով նախօրեն այցելել էր Մատենադարան ու տեղեկացել, որ այնտեղ մոտ 20 հազար ձեռագրերից 2000-ն արաբերեն ձեռագրեր են, ուղղակի տպավորված էր։
«Ես հետաքրքրված եմ ձեռագրերով ու բացահայտեցի, որ այստեղ կան շատ հարուստ ձեռագրեր։ Ես Մատենադարանի տնօրենին խնդրեցի արաբերեն ձեռագրերի ցանկը, որտեղ, հնարավոր է, մենք գտնենք շատ հազվագյուտ բան, որը ոչ ոք չի հրատարակել։ Ես այդ եմ անում։ Ինձ նվիրած Մաենադարանի գրքում, կարծում եմ, կգտնեմ ինչ-որ բան։ Գիտեք, երբեմն դու բացառիկ ձեռագրեր կարող ես գտնել փոքրիկ գրադարանում։ Իմ կարծիքով, ես, հնարավոր է, գտնեմ բացառիկ մի բան այս հարուստ գրադարանում՝ Մատենադարանում»,-ասաց դոկտոր Համադ բին Սարայը։
Նշենք, որ Հայաստան այցի շրջանակներում դոկտոր Համադ բին Սարայը դասախոսություններով է հանդես եկել ԵՊՀ-ում, Շիրակի համալսարանում, ԳԱԱ Արևելեագիտության ինստիտուստում՝ «Էմիրաթական ինքնությունը, պատմական և սոցիալական արմատները» թեմայով։