Հայկ Դեմոյան. Գյումրին չօգտագործված, չբացահայտված հսկայական ռեսուրս է
Գյումրիում նախատեսվում է բացել երեք թանգարան։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԳՅՈՒՄՐԻ – 20/25» հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ Նա նշեց, որ «ԳՅՈՒՄՐԻ – 20/25» հիմնադրամի հիմնական նպատակն է լինելու Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի տարածքում մշակութային, զբոսաշրջային ու գիտահետազոտական-հավաքչական ծրագրերի ու աշխատանքների իրականացումը։ Աշխատանքներն արդեն սկսված են։
Հ. Դեմոյանի խոսքով, իրենց հիմնական նպատակն է կամավոր աշխատել և փորձել նպաստ բերել հնարավորինս արագ ժամանահատավածում «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարան տարածքում անմխիթար, վթարային և կիսավեր վիճակում գտնվող շենքերին, տարեկան գոնե մեկը վերանորոգել և հանձնել համայնքին։
Նա նշեց, որ իրենց ծրագիրը երեք բաղադրիչ ունի։ Առաջին. ինչպիսի մշակութային նոր համալիրներով զարկ տալ Գյումրիի մշակութային կյանքի վերածննդին, ինչ գրավիչ կետեր կարող են ստեղծել, որոնք հետաքրքիր կլինեն թե ներքին այցելուների, թե արտասահմանյան զբոսաշրջիկների համար, որպեսզի Գյումրին դառնա նախընտրելի վայր։
«Նպատակ է դրվել ստեղծել երեք խոշոր թանգարանային նոր համալիրներ։ Այս պահին արդեն ձեռք ենք բերել մեկ շենք պատմաճարտարապետական արգելոցի տարածքում, բավականին մեծ շենք է, մոտակա երկու տարում ամրացման, վերանոգորման աշխատանքներից հետո նախնական 2021 թվականի սեպտեմբերին կբացվի Հայկական լուսանկարչական արվեստի թանգարան։ Սա մեր մշակութային ժառանգության կարևոր հատվածն է, որը բաց է թողնված, արժանվույն չի ներկայացվել մեր լուսանկարչական պատմությունը։ Ներկայումս բանակցություններ են ընթանում երկրորդ թանգարանի շուրջ։ Այն լինելու է Հայկական սպորտի թանգարան։ Երկու թանգարանի մասին, որ խոսում ենք, լոկ շենքներ ու տեղանքներ չեն, խոսում ենք նաև հայեցակարգային, դիզայներական նախագծերի մասին։ Սրանք նույնպես որոշակի աշխատանքային փուլում են, լիովին տեսանելի են, թե ինչպես պետք է գործարկվեն, շարունակեն գործել։ Երրորդ թանգարանային համալիրը դեռ փորձում ենք ճշգրտել։ Կան տարբերակներ», -ասաց Հ. Դեմոյանը։
Նրա ներկայացմամբ, իրենց երկրորդ աշխատանքային ուղղությունն է Գյումրին գրավիչ դարձնել որպես զբոսաշրջության կենտրոն. «Շատ է խոսվում այդ մասին, դրական է տենդենցը, միշտ շեշտադրվել է Գյումրին։ Զբոսաշրջիկությունը պրոֆեսիոնալ մոտեցում է ենթադրում, պետք է մատուցվի, ներկայացվի, մշակվի տարբեր հայեցակարգերի, հրատարակությունների, նախաձեռնությունների միջոցով»։
Նա նշեց, որ պետությունը գրավիչ դարձնելու և հանրահռչակելու համար կարևորագույն աշխատանքը պետք է լինի արտասահանմում տվյակ երկրի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելը։ Մշակվելու է բավական լուրջ շարժական ցուցադրություն, ներկայացվելու է նաև Գյումրիի հարակից շրջանները։
Երրորդ ուղղությունը՝ գիտահետազոտական աշխատանքն է։
«Կան տարբեր կենտրոններ, աշխատանք կատարում են, սակայն փորձում ենք բացը լրացնել։ Շենքերից մեկում ստեղծվելու է Գյումրի քաղաքի պատմության կենտրոն, որի նպատակն է աշխարհի տարբեր արխիվներից, գրադարաններից, պահոցներից հավաքել, թվայնացնել, փաստաթղթերի ու լուսանկարների շտեմարան ստեղծել, որը սկզբանղբյուրային նշանակություն կունենա Գյումրի քաղաքի պատմության հետազոտության համար»,- ասաց նա։
Հ. Դեմոյանի խոսքով, 2020-25 թվականներին ստեղծելու են Գյումրի քաղաքի համապարփակ պատմության հատոր։
«Գյումրին չօգտագործված, չբացահայտված հսկայական ռեսուրս է և պատմական հետազոտության, և զբոսաշրջության զարգացման, մշակութային ժառանագության պահանման առումով»,- ասաց նա։
«ԳՅՈՒՄՐԻ – 20/25» հիմնադրամի համահիմնադիր Դերենիկ Մալխասյանն ասաց, որ վերջին 30 տարում Գյումրիի բրենդը եղել է աղքատությունը, անօթևանությունը, հիմա էլ լուրջ խնդիր է, սակայն վերջին տարիներն փորձում են այլ տեսանկյունից նայել Գյուրիին։
«Ներկայացված ծրագրային դրույթներն իրականացնելով՝ մենք մեր մասով մեծ ներդրում կունենանք քաղաքը պատրաստելուն զբոսաշրջային այն հոսքերին, որոնք ակնկալվում են»,- ասաց Դ. Մալխասյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում
- Քաղաքացիներն ուզում են փրկել «Վառեմ-մարեմի» պատշգամբը
- Գյումրին` մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների համար լավագույն ուղղություններից
- Վստահ եմ, որ Գյումրին իր տեխնոլոգիական նորարարություններով աշխարհին դեռ զարմացնելու է. Ամալյա Եղոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան