Փոփոխություններ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելու, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված չորրորդ, այն է՝ «ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովում, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանում» նպատակի պահանջներից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ օրենքի կիրառման դեպքում ակնկալում են մի շարք արդյունքներ, մասնավորապես, նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգման և զարգացման նորմատիվային դաշտի, ինչպես նաև վերահսկողության համակարգի ապահովման համար իրավական երաշխիքների, օրենսդրական հիմքի ստեղծում:
Նախագծի հիմնավորման համաձայն, օրենքի նախագծում կարևորված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, հատկապես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից, քանի որ երեխայի ներառման ամենագործուն միջոցը հասակակիցների հետ մեծանալու և ընկերություն անելու նրա իրավունքի ապահովումն է։
Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը:
Այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների մատուցման (յուրաքանչյուր երեխայի, ծնողի, մանկավարժի մեթոդական աջակցության տրամադրման), կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման (հատուկ մանկավարժի և ուսուցչի օգնականի մասնագիտական աշխատանք, ամենօրյա դիտարկում, համեմատում, գնահատում), տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողություններից։ Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:
Վերջին տվյալներով ԱՊՀ երկրներից նախադպրոցական կրթության համակարգում երեխաների համախառն ընդգրկվածության լավագույն ցուցանիշներ ունեն Բելառուսը` 90.7 տոկոս քաղաքային բնակավայրում և 53.4 տոկոս` գյուղական բնակավայրում, Մոլդովան` միջինում 68.0 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` շուրջ 74.0 տոկոս, Ռուսաստանը` 59.3 տոկոս, Ուկրաինան` միջինում 57.0 տոկոս, Ղազախստանը` միջինում 38.7 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` 83.0 տոկոս:
Ներկայումս ԱՊՀ երկրներում նկատվում է նախադպրոցական կրթության նկատմամբ կառավարությունների ուշադրության և հոգածության աճ: Դրա վկայությունն է մի շարք երկրների (Բելառուս, ՈՒկրաինա, Հայաստան, Ղազախստան) կառավարությունների կողմից նախադպրոցական կրթության պետական ծրագրերի, ռազմավարությունների և այլ փաստաթղթերի ընդունումը, որի նպատակը նախադպրոցական կրթությունը պետական քաղաքականության առարկա դարձնելու միջոցով դրա հետագա զարգացման ապահովումն է: