Հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին» որոշման նախագիծը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ուսումնավարժական հավաքներն ու պարապմունքները կանցկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը։
Նախարարն ասաց, որ ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ ուսումնավարժական հավաքների և պարապմունքների անցկացմամբ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում, նախորոշել զորահավաքային նախապատրաստության միջոցառումների առաջնահերթությունները։
Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ այս մասշտաբի զորավարժություն Հայաստանում չի անցկացվել:
«Բայց ամենակարևորը, որ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակների ու ներգրավվող միջոցների առումով»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մարտական ուսումնական հավաքներին ներգրավվող անձանց ընդամենը 6 տոկոսն է, որ ներգրավվելու է զորավարժություններին 3-5 օրով, մնացած 94 տոկոսը ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ մասշտաբային միջոցառում է նախապատրաստվում:
«Այդ օրերին մեր քաղաքացիները կտեսնեն, կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ և հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք օրենքով սահմանված պարտականություն ունեն, նաև պետք է ներգրավվեն: Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացին: Սա կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակի, մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումն է: Սա պլանային աննախադեպ միջոցառում է»,- ընդգծեց վարչապետը։
Նա նաև ասաց, որ զորավարժություններում պետք է բացառել ֆորմալիզմը, պետք է պատշաճ վերաբերմունք և արձագանք լինի այս միջոցառումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան