Հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում
Կառավարությունը համապատասխան որոշման նախագիծ է ընդունել, որը վերաբերում է Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար նախատեսված ավտոմաքսատան կառուցման ծրագրին:
Գործադիրի նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ սա արդեն 3-րդ փուլային նախագիծն է, որ ներկայացվում է կառավարության քննարկմանը:
Նախագծով նախատեսվում է հատկացնել 970.4 մլն դրամ բետոնապատման և ասֆալտ բետոնե աշխատանքների համար՝ պայմանով որ սահմանված կարգով Ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն: Գումարը նախատեսված է վերակառուցման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար և իրականացվելու է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:
Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցադրման առ այն, որ հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում, և նախանշված ժամկետների առումով որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, Դ. Անանյանը նշել է, որ ժամկետները կպահպանվեն:
Կառավարության ղեկավարը հարցի առնչությամբ նշել է. «Այս մեխանիզմով սա արդեն մեր 3-րդ որոշումն է, որ կայացնում ենք և հաշվի ենք առնում, որ Գյումրիի մաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով: Այս պատճառով, և դա կարևոր է, որ հենց այդ ժամկետներում տեղի ունենա, որպեսզի նաև որոշակի ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի»:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրիի ավտոմաքսատան բացումը
- Առաջնահերթ Գյումրի կտեղափոխվի ավտոմեքենաների մաքսային ձևակերումներին առնչվող գործառույթը
- Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար անհրաժեշտ է 19-21 մլն դոլար. ՊԵԿ նախագահ