Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու օրինագիծ
2019թ․ սեպտեմբերի 18-ին Ռումինիայի Սենատը միաձայն ընդունել է hոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալաի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից։
Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Հոդված 1. Հոկտեմբերի 12-ը սահմանել որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր:
Հոդված 2 (1). Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով:
(2). Կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինները և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունները կարող են նյութատեխնիկական աջակցություն տրամադրել և կարող են գումարներ հատկացնել իրենց բյուջեներից, նախատեսված 1-ին կետով՝ հաստատված բյուջեի հատկացումների սահմաններում, միջոցառումները լավ պայմաններում կազմակերպելու և անցկացնելու համար»: