Հայաստանը դեսպանություններ է բացում Իսրայելում ու Եթովպիայում
Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ Իսրայելի պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ստեղծման մասին նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը ստեղծելը:
Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա»,-ասվում է նախագծում։
Վարչապետ Փաշինյանի հարցին, թե ինչ ժամկետներում է նախատեսվում դեսպանության բացումը, ԱԳ նախարարը հստակ չնշեց, ասելով, որ այն երկկողմ աշխատանքից է կախված։
Նախարար Արայիկ Հարությունյանի հարցին, թե արդյոք զուգահեռ Իսրայելը դեսպանություն կբացի Հայաստանում, ԱԳ նախարարն ասաց, որ սա երկխոսության օրակարգում է, սակայն մեր կողմից դեսպանության բացումը չի պայմանավորելու Իսրայելի կողմից դեսպանության բացման հանգամանքով։
ԱԳ նախարարը նաև զեկուցեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին նախագիծը, որն ընդունվեց կառավարության կողմից։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։ Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից։
Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլև խորացնել շփումներն ու համագործակցությունն աֆրիկյան այլ պետությունների հետ։
Ավելին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին