ԱՀԿ. Աշխարհում տարեկան մահանում է 2,8 միլիոն հղի կին և նորածին
«Կանայք և նորածինները ծննդաբերության ժամանակ և դրանից անմիջապես հետո առավել խոցելի են։ Գնահատականների համաձայն, տարեկան մահանում է 2,8 միլիոն հղի կին և նորածին, մեկը՝ յուրաքանչյուր 11 վայրկյանում, հիմնականում՝ կանխարգելիչ պատճառներով»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մանկական մահացության թեմայով զեկույցում։
Մեծ տարիքի երեխաները նույնպես ռիսկային խմբում են։ 2018-ին աշխարհում մահացել է մինչև 15 տարեկան 6,2 միլիոն երեխա, շուրջ 5,3 միլիոնը՝ կյանքի առաջին հինգ տարվա ընթացքում։ 2017-ին հղիության և ծննդաբերության ժամանակ բարդություններից մահացել էր ավելի քան 290 հազար կին։
Նշվում է, որ չնայած ձեռք բերված առաջընթացին ու աշխարհում մանկական մահացության դեպքերի նվազմանը, ծննդաբերությունց անմիջապես հետո և կյանքի առաջին տարիներին երեխայի մահանալու վտագը բարձր է մնում։ Առավել ռիսկային են առաջին ամիսները, հատկապես եթե երեխան ծնվել է վաղաժամ կամ շատ փոքր, ծննդաբերության ժամանակ բարդություններ են առաջացել կամ վարակվել է որևէ վարակով։
Միաժամանակ ԱՀԿ-ից նշում են, որ 2000-ականից հետո մանկական մահացությունը կիսով չափ նվազել է, իսկ մայրական մահացությունը՝ երեք անգամ։