Երվանդ Օտյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային գրադարաում
«Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 19-ին, կեսօրից հետո: 150 տարի անց, հետաքրքիր զուգադիպությամբ հենց նույն ժամին է Հայաստանի ազգային գրադարանում նշվում մեծ երգիծաբանի հոբելյանը»,- Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված Երվանդ Օտյան-150 ցուցահանդեսի բացման իր խոսքում նշել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Ազգային գրադարանին՝ մեծանուն գրողի ծննդյան օրը նման ցուցադրությամբ նշանավորելու համար եւ հույս հայտնելով, որ սա մեծ երգիծաբանի հոբելյանին նվիրված միջոցառումների սկիզբ կդառնա:
«Երվանդ Օտյանը հայ երգիծաբանության Հովհաննես Թումանյանն է: Նա երգիծանքի ժանրը բարձրացրեց մի նոր մակարդակի»,- ընդգծել է Սրապիոնյանը՝ ճիշտ չհամարելով այն, որ Օտյանին համարում են քաղաքական երգիծաբան, իսկ Հակոբ Պարոնյանին՝ սոցիալական: Երկուսի ստեղծագործություններն էլ ընդգրկում են կյանքի և գրականության բոլոր ոլորտները: Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ երկու մեծ երգիծաբանները փոխլրացրել են միմյանց:
Ազգային գրադարանից հայտնում են, որ Սրապիոնյանն անդրադարձել է նաև Օտյանի կյանքին ու ստեղծագործությանը. երգիծավեպերին՝ «Հեղափոխության մակաբույծները», «Ընկ. Բ. Փանջունի», «Միջնորդ Տէր Պապան» և այլն, նամականուն, հուշագրություներին, հրապարակախոսական նոթերին՝ ընդգծելով դրանց գրական մեծ աժեքը:
Երվանդ Օտյանը՝ «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը» (Շիրվանզադեի բնորոշումն է) հայ ամենաարգասաբեր գրողն է եղել: Նրա գրչի տակից դուրս եկած բազմաթիվ գրքեր են պահվում Հայաստանի ազգային գրադարանի գրաֆոնդում, որոնցից ամենաուշագրավները ցուցադրված են թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում: Դրանցից են 1909-ին Կ. Պոլսում լույս տեսած «Զավալլըն» դյութական կատակախաղը, 1912-ին Ղալաթիայում լույս տեսած «Ապուշներու տարեցույցը»՝ «միմիայն սրամիտ անձերու գործածութեան յատուկ», «Տասներկու տարի Պոլսեն դուրս» անձնական հիշատակարանի 1914-ի և 1922-ի հրատարակությունները, 1932-ին Կահիրեում հրատարակված «Պատերազմ եւ… խաղաղութիւն» ընտանեկան նամականին և շատ այլ արժեքավոր գրքեր, մասնավորապես «Թաղականին կնիկը» վեպի 1921թ. Պոլսի հրատարակությունը, «Ճեպընթած նորածինը» երգիծական վիպակը (1920թ.), «Պողոս Փաշա Նուպար» կենսագրական նոթերը (1913թ.) այլն:
Հայտնի է, որ Օտյանն իր ստեղծագործություններից ամենաբարձրն է գնահատել «Ազգային բարերար» և «Համբարձում աղա» գործերը, որոնց հին հրատարակությունները ևս, ինչպես Օտյանի՝ տարբեր տարիների ամենատարբեր շատ այլ հրատարակություններ են ընդգրկված ցուցադրության մեջ:
«Նշանակալից են նաեև Երվանդ Օտյանի ֆրանսերենից թարգմանությունները. Էմիլ Զոլա, Մարկ Տվեն, Մորիս Լըբլանի՝ Արսեն Լյուպենի մասին վիպաշարը և այլն: Ուշագրավ է, որ Օտյանը ռուս դասականների՝ Ֆյոդոր Դոստոևսկու, Մաքսիմ Գորկու Լև Տոլստոյի գործերը թարգմանել է ֆրանսերենից: Օտյանի թագմանությունների օրինակները («Աննա Կարենինա», «Արսեն Լյուպեն» և այլն), նաև նրա երկերի՝ ամենատարբեր լեզուներով թարգմանությունները, որոնք այսօր նույնպես ցուցադրված են »,-նշեց Ազգային գրադարանի սպասարկման բաժնի Գիտական և մամուլի ընթերցասրահի ենթաբաժնի վարիչ Արևիկ Զախարյանը
Ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 25-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան