Կիպրոսի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի գործողությունները
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար Թուրքիան պիտի դադարեցնի հորատման աշխատանքները Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Կիպրոսի նախագահը նաև նշել է, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար և ընդգծել, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։
«Ուզում եմ նշել, որ մեր առաջնային խնդիրը, որի վրա պետք է առաջնահերթ կենտրոնանանք, որպես իրոք անկախ և ինքնիշխան պետություն Կիպրոսի վերամիավորումն է՝ առանց արտաքին միջամտության, առանց արտաքին ռազմական ներկայության։ Այդ նպատակով բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Հույս ունենք, որ Թուրքիան, ի վերջո, կդադարեցնի իր անօրինական գործողությունները և կնպաստի բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը», - հայտարարել է Անաստասիադիսը։
Նա կոչ է արել միջազգային հանրության նույնպես դատապարտել Թուրքիայի գործողությունները։ Կիպրոսի նախագահը շեշտել է, որ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններն ինքնիշխանության իրավունքի ակնհայտ խախտում են և միաժամանակ հակասում են «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային։
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի նախագահ․ Թուրքիան պետք է պատասխան տա Կիպրոսի դեմ ուղղված գործողությունների համար
- ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով
- ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Կիպրոսի ջրերում Թուրքիայի գործողություններով
- Եվրամիությունն աջակցել է Կիպրոսին՝ Թուրքիայի դեմ պայքարում