Քննարկվում է այդ հարցը. Վլադիմիր Կարապետյանը՝ ռազմագերիներին փոխանակման մասին
«Տեղյակ ենք և քննարկվում է այդ հարցը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։
Վլադիմիր Կարապետյանը նշեց՝ հաշվի առնելով հարցի նրբությունը, դրա մասին հրապարակային կհայտնեն, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինեն։
Նշենք, որ հայտարարության մեջ ասված է՝ պատրաստ են փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ այս թեմային անդրադարձել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է փոխանակել «Շուշի քրեակատարողական հիմնարկում» գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ, նշել էր, որ այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ։
Նշենք, որ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր մի քանի անգամ, տարբեր լեզուներով, անդրադարձել է այս հարցին՝ իր ֆեյսբուքյան էջում դնելով լրատվամիջոցներին իր տված պատասխանները. «Ինչի՞ համար է #Ադրբեջան այդքան պայքարում երկու դիվարսանտի համար: Որովհետև այդ երկիրն իր տեսակով #ֆաշիստական և #ահաբեկչական է։
Նրանք ուզում են այդ ահաբեկիչներին սարքել հերոսներ։ Իրենց մոտ բարոյահոգեբանական լուրջ ճգնաժամ է։ Նրանք Սաֆարովին են հերոս դարձրել։ Սրանք հանցագործ մոլագարներ են, իրենք իկոնաներ չունեն։ Այդպիսի մարդկանց օրինակով են փորձում իրենց մատաղ սերունդը դաստիարակել։ Արդյոք Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հաջիևի երեկվա ռազմատենչ հայտարարությունը և այս փոխանակման հայտարարությունը ինչ-որ կերպ կարող են կապ ունենալ միմյանց հետ: Այս ամենը մի շղթա է. ահաբեկիչներին հետ կանչեն, #հայեր սպանողներին հերոսացնեն։
Մենք երբևիցե չպետք է կտրվենք իրականությունից։ Հակառակորդը չի փոխել իր մոտեցումները, իր նպատակները։ Մենք միշտ պետք է լինենք զգոն և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, այլ տարբերակ չկա»:
Նրա գնահատմամբ՝ Բաքվի առաջարկը ցինիկության գագաթնակետ է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
- Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ. Արծրուն Հովհաննիսյան
- Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործ են
- Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին